ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է քաղաքական և ռազմական որոշումների համար քաղաքացիական անձանց կոլեկտիվ պատժի ենթարկելու մասին հայտարարություններով և կոչ է արել անհապաղ դիվանագիտական ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է այն հայտարարություններով, որոնք ենթադրում են, որ քաղաքացիական անձինք կամ ամբողջ քաղաքակրթությունները կարող են կրել քաղաքական և ռազմական որոշումների հետևանքները։ Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ենթակառուցվածքների մեծածավալ ոչնչացումը կամ քաղաքացիական անձանց միտումնավոր տառապանքներ պատճառելը», – ասել է Դյուժարիկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել վերականգնել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը՝ նշելով, որ «երբ Հորմուզի նեղուցը խեղդվում է, աշխարհի ամենաաղքատ և ամենախոցելի մարդիկ չեն կարող շնչել»։ Գուտերեշի անձնական դեսպան Ժան Արնոն մեկնում է տարածաշրջան՝ դիվանագիտական ջանքերին աջակցելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը որպես քաղաքակրթություն կարող է կործանվել երեքշաբթի երեկոյան, երբ լրանա ԱՄՆ-ի կողմից գործարք կնքելու վերջնագրի ժամկետը։