ԱԺ-ն ընդունեց դաշինքի անվան մեջ անձնանունն արգելող նախագիծը – armeniatoday.am

Ազգային ժողովն ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքի անվան մեջ անձնանուններ կիրառել։

Կողմ է քվեարկել 67, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։ Ընդդիմությունը եզրափակիչ ելույթներում ևս քննադատեց ԸՕ-ում փոփոխությունները, որոնք երկու ընթերցմամբ էլ քննարկվել են այսօր՝ մի քանի ժամվա ընթացքում՝ արտահերթ նիստին:

Ըստ նախագծի՝ կուսակցությունների դաշինքի անվանումն անձնանուններից (հատուկ անուններ) բացի չի կարող պարունակել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ։

ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 6-ին: Օրինագիծը մշակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից նույն օրը հայտարարել էին, որ նախագիծը «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ է՝ հաշվի առնելով, որ անվան մեջ անձնանուն կա։ Կուսակցությունում պատահական չէին համարել նախագիծը՝ հաշվի առնելով, որ մի քանի օրից ԱԺ ընտրությունների համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու օրն է։

ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ «Ուժեղ Հայաստանն» ակցիա էր իրականացրել խորհրդարանի դիմաց՝ իր բողոքը հայտնելով նախագծի դեմ։ Նրանք ԱԺ-ի դարպասներին փակցրել էին «Փաշինյանը չի կարող կանգնեցնել փոփոխությունը» գրությամբ պաստառներ։

Կուսակցությունում ավելի վաղ հայտարարել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են այս նախագծի միջոցով գողանալ առաջիկա ընտրությունները։

«Ազգային ժողովում նրանք փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»,- ասված էր կուսակցության հայտարարության մեջ։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Todayտեսանյութում:

Կարդացեք նաև՝ 

«Ուժեղ Հայաստան»-ը բողոքի ակցիա է իրականացրել՝ ի նշան ԸՕ-ում փոփոխությունների ՔՊ-ի նախագծի դեմ բողոքի

Leave a Comment