Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները։ Դրանց ընդունման անհրաժեշտությունը, ըստ գործադիրի, պայմանավորված է համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև չկարգավորված որոշ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ ամբիոնից վստահեցրել է՝ առողջության ապահովագրության համակարգը կշարունակի գործել, և մինչև 2028-ը կներառվեն բնակչության բոլոր խմբերը։
2027 թ. հունվարի 1-ից էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ մատուցող վարորդները կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնեց, որ օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ էլ արդեն իսկ ապահովագրական համակարգ ներառված անձինք 2027 թ. հունվարի 1-ից կկարողանան իրենց փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։ Մյուս փոփոխությունը վերաբերում է ապահովագրական վճարների ժամկետներին։
«Անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճար կատարելու ժամկետը ապրիլի 20-ից առաջարկվում է երկարաձգել մինչև հուլիսի 20-ը»։
Կառավարությունն ամփոփել է համակարգի գործարկման առաջին երեք ամիսների վիճակագրությունը։ Տարեսկզբից 2․277․479 այց է գրանցվել, որից 105․670-ը՝ հիվանդանոցային։ Համակարգից օգտվել է 65 տարեկանից բարձր 221․361 անձ։ Ապահովագրության շրջանակում ծախսվել է 28 մլրդ 438 մլն դրամ։ Հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը 361 թոշակառու օգտվել է 4 մլն դրամ և ավելի բարձր արժեք ունեցող առողջապահական ծառայություններից, 892-ի դեպքում ծառայությունների արժեքը եղել է 2-4 մլն դրամի, 3․883-ի դեպքում՝ 1-2 մլն դրամի միջակայքում։
Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքրում է բուժաշխատողների վարձատրության հարցը։ Համակարգի ներդրմանը զուգահեռ կան նաև դժգոհություններ՝ ասում է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Այստեղ գալուց առաջ ես և տիկին Կյուրեղյանը ընտրանքային կարգով եղել ենք այսօր Երևանի պոլիկլինիկաներից մեկում։ Երկու սենյակ հասցրինք մտնել։ Երկու բժիշկներից մեկն այս տարի ընդհանրապես իր խորհրդատվությունների համար չէր վարձատրվել, չէր ստացել աշխատավարձ, մանկաբույժ էր, երկրորդ բժիշկը ստացել էր ավելի քիչ, քան ստանում էր նախկինում։ Ի՞նչ հաշվարկ է արվել, որպեսզի բժիշկների խնդիրը կարգավորվի, և նրանք իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ նաև պատշաճ վարձատրություն ստանան»։
Փոխնախարարն արձագանքում է՝ բոլոր հաշվարկների հիմքում եղել է բուժաշխատողի աշխատավարձի բարձրացված ցուցանիշը։ Ըստ դրանց՝ բուժաշխատողը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա՝ ըստ մատուցած ծառայության որակի ու ծանրաբեռնվածության։
«Դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ այս 3 ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում։ Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց աշխատավարձերի հետ կապված խնդրին՝ մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն քննարկենք, հասկանանք։ Այս 3 ամիսների ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների և բժշկական հիմնարկների հետ, բազմաթիվ հանդիպումների ընթացքում օրինակ, պարզվել է, որ սխալ մուտքագրումներ են եղել կամ թերի մուտքագրումներ են եղել և դա է պատճառը եղել, որ աշխատավարձի բարձրացում իրենց մոտ չի նկատվել»։
Խնդիրը բժշկին ըստ արժանվույն վարձատրելն է՝ թեման շարունակում է Արմենուհի Կյուրեղյանը․
«Ավելացել է բժիշկների աշխատանքը, բուժծառայությունների քանակը, ծավալները մեծացել են։ Միգուցե ինչ-որ մի խմբի աշխատավարձ բարձրացել է, բայց դա աշխատավարձի բարձրացում չէ, որովհետև կոնկրետ մեկ ծառայության համար բժշկի աշխատավարձը իջել է։ Եթե մեկ հիվանդի ընդունելության համար նախկին տարիներին բժիշկը ստանում էր 5000 դրամ, հիմա ստանում է 1000 դրամ, բայց ինքը մեկ հիվանդի փոխարեն այսօր 6 հիվանդ է ընդունում։ 1000 դրամը բազմապատկենք 6-ով, դառնում է 6000 դրամ, ինքը ստանում է 6000, բայց իր աշխատավարձը չի բարձրացել»։
Առողջապահության նախարարի տեղակալն արձագանքում է․
Առողջապահության բյուջեն, որը հատկացվել է այս համակարգի համար ավելացել է, ավելացել է նաև առաջնային պահպանության օղակի հատկացումները նույնպես։ Երեք ամիսների ընթացքում մենք մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել։ Եթե բյուջեն ավելացել է, չենք կարող փաստել, որ աշխատավարձը չի բարձրացել»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Լուսինե Բադալյանը պարզաբանում է՝ հունիսի 7-ից հետո էլ համակարգը նույն տեմպերով շարունակելու է գործել։ Խորհրդարանական ամբիոնից Գեղամ Նազարյանը մտահոգությունը հայտնեց․
«Հատկապես տարեց բնակչիչների մոտ անհանգստություն կա, որ հունիսի 7–ից հետո այս ամեն ինչը դադարելու է, որի պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում»։
Փոխնախարարը հաստատեց՝ օրենքն ընդունված է, համակարգը շարունակելու է գործել։ Ավելին՝ մինչև 2028-ը բնակչության բոլոր խմբերը կներառվեն համակարգ։ Իսկ պոլիկլինիկաներում հերթեր են, քանի որ, ըստ Լենա Նանուշյանի, քաղաքացիներն առողջական կուտակված խնդիրներ ունեն, որոնք փորձում են միանգամից լուծել։