7 ապրիլի 2026 – 17:20 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ավետման տոնի առիթով շնորհավորական խոսք է հղել՝ դիմելով հավատացյալներին և ընդգծելով տոնի հոգևոր նշանակությունը։
Նա նշել է, որի Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս և ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։
«Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:
Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում ապագա մայրերը՝ հայցով, որ Աստված նրանց պարգևի սիրառատ, առողջ ու երջանիկ կյանք և բարի ու արժանավոր զավակներ։
Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն։
Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության ու բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։ «Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռ. 15.13). ամեն»,- ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում։