Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրակարգում ներառված օրենքների նախագծերին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվել է մեկ բովանդակային փոփոխություն, որը վերաբերում է պատերազմի կոչեր պարունակող տեղեկություններին, ինչպես նաեւ ՀՀ ներքաղաքական կյանքի միջամտությանը վերաբերող սահմանումներին: Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական հաղորդումների տարածման ընթացքում չարաշահման արգելքների չափորոշիչները եւ օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:

Օրենքի նախագծում արվել են նաեւ տեխնիկական բնույթի շտկումներ:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ իրավական կարգավորումներն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացները ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանեցնելուն:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջարկվել է մեկ փոփոխություն, որով օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանվում է 2027 թվականի հունվարի 1-ը:

Հարցերը քննարկվել են հանձնաժողովի` ապրիլի 7-ի նիստում:

Leave a Comment