Ագրարային քաղաքականության ոլորտում Կառավարության որդեգրած սկզբունքների իրագործման անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե»ՀՀ օրենքի նախագիծը: Նպատակն է աջակցել ջերմոցների զարգացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցմանը: Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Ծովինար Վարդանյանն է:
Պատգամավորի խոսքով երկու տարի առաջ վերանայվել եւ բարձրացվել են շենք-շինությունների մասով շինթույլտվության համար սահմանված տուրքերը: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ներկայում ջերմատների հիմնումը եւ ջրավազանների կառուցումն օրենքով դիտարկվում է որպես ընդհանուր շենք-շինությունների կառուցում եւ ենթադրում է հաստատուն բարձր սահմանված դրույքաչափեր: Նաեւ՝ կիրառվում է գոտիականության գործակիցը, որը տնտեսավարողների համար առաջացնում է մեծ ֆինանսական պարտավորություններ: «Օրինակ՝ 1,5 հա մակերեսով ջերմատնային տնտեսություն կառուցելու համար շինարարության թույլտվության համար տեղական տուրքը նախկին 100.000 դրամի փոխարեն ներկայում կազմում է 5.000.000 դրամ»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտներ է ստեղծում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ ամրագրված սկզբունքների եւ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված նպատակների իրագործման ճանապարհին:
Նախագծով առաջարկվում է ջերմոցների եւ գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել տեղական տուրքի դրույքաչափերը:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նա բարձրաձայնել է, որ 500 քառակուսի մետր ջերմատուն կառուցելու համար տեղական տուրքը կկազմի 20-ից մինչեւ 100 հազար դրամ: Նշվել է, որ նախաձեռնության ընդունումը կնպաստի ոլորտում ներդրումների շարունակականության պահպանմանն ու ակտիվացմանը: Զեկուցողն առաջարկել է հավանություն տալ նախագծին:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ապրիլի 7-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում: