Առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա խմբերի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից ներառել էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղեւորափոխադրման ծառայության փոխադրողներին (վարորդներ):
Ընդլայնվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով շահառու ճանաչված անձանց շրջանակը:
Ապահովագրված անձանց փոխկապակցված անձանց մասով է հաջորդ փոփոխությունը: Առաջարկվում է, որ փոխկապակցված անձինք՝ ընտանիքի անդամները, որոնք ներգրավված չեն համակարգում, վճարեն եւ մասնակցեն ապահովագրության համակարգի շրջանակում տրամադրվող ծառայություններից:
Ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի ապահովագրավճարների կատարման պատշաճ ապահովման նպատակով առաջարկվել է ապրիլի 20-ի փոխարեն կատարման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 20-ը:
Որոշակի խմբագրական փոփոխություններ են առաջարկվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի շրջանակում, նաեւ տարընկալումների պատճառ դարձած որոշ դրույթներ հստակեցվում են:
Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հարցն ընդունվել է առաջին ընթերցմամբ: