Ավտոմոբիլային տրանսպորտը, լինելով յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևորագույն ռազմավարական ոլորտներից մեկը, ունի կենսական դեր ու նշանակություն, որի հետ առնչվում է գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Ավտոմոբիլային տրանսպորտի անվտանգ, հուսալի աշխատանքն ու տեխնիկական վիճակը բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է:
Ու չնայած անսարքությունների և անսպասելի խնդիրների դեպքում երբեմն շատերն են փորձում սեփական ուժերով լուծել տեխնիկական հարցերը, պրոֆեսիոնալ որակավորում ունեցող մասնագետների դերը մեծ է և անփոխարինելի:
Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում. սա միջին մասնագիտական կրթական ծրագիր է՝ անչափ օգտակար և արդիական մասնագիտություն: Ստանալով որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն՝ ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկներն արագ ու հմտորեն կբացահայտեն, կկանխարգելեն, կախտորոշեն և, անհրաժեշտության դեպքում, կվերանորոգեն ցանկացած անսարքություն՝ ապահովելով հարմարավետություն ու տրանսպորտային միջոցի հուսալի շահագործում:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային միջոցների և գործընթացների ամբիոնի վարիչ Սուրեն Չիբուխչյանը: