Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակմամբ պայմանավորված նավթի և գազի ճգնաժամը «ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին»։
Ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում Բիրոլը ընդգծել է, որ աշխարհը երբեք չի բախվել էներգամատակարարման այսպիսի խոշոր խափանման։
Նրա խոսքով՝ ճգնաժամի հետևանքները զգալի կլինեն եվրոպական երկրների, ինչպես նաև Ճապոնիայի և Ավստրալիայի համար, սակայն առավել խոցելի են զարգացող երկրները։ Վերջինները բախվելու են նավթի և գազի գների աճին, սննդամթերքի թանկացմանը և ընդհանուր գնաճի արագացմանը։
Բիրոլը նշել է, որ IEA-ի անդամ երկրները արդեն համաձայնության են եկել իրենց ռազմավարական պաշարների մի մասը շուկա հանելու շուրջ։ Այդ գործընթացը մասամբ արդեն սկսվել է և շարունակվում է։
Էներգետիկ ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, գրեթե ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցը։
