ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։ Սա վերջին 20 տարվա ընթացքում ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է այդ երկիր։ Այցի նպատակն է ցույց տալ Սպիտակ տան բացահայտ քաղաքական աջակցությունը վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
Ծրագրի համաձայն՝ Վենսը հանդիպելու է Օրբանի հետ, այնուհետև ելույթ է ունենալու «Ամերիկա-հունգարական բարեկամության օր» միջոցառմանը, ինչը երկու քաղաքական ճամբարների մերձեցման կարևոր ազդակ է համարվում։
Վիկտոր Օրբանի նախընտրական քարոզչությունը հիմնված է արտաքին քաղաքական օրակարգի վրա, որտեղ նա շեշտում է իր անձնական կապերը թե՛ Դոնալդ Թրամփի, թե՛ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետն իրեն ներկայացնում է որպես Հունգարիայի կայունության և «խաղաղության կուրսի» երաշխավոր։
