Պետք է ընդունել պարտությունն ու ՉԼ խաղին մեկնել պարզ գլխով. Արտետա

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի գավաթի 2025/26 մրցաշրջանի խաղարկության քառորդ եզրափակչում «Սաութհեմփթոնից» կրած 1:2 հաշվով պարտությունը։ Այս արդյունքի պատճառով «Արսենալը» չի կարողացել դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ:

Արտետան նշել է, որ երկու մրցաշարերից դուրս մնալը չի կապում միանգամից չորս տիտղոսի համար մղվող պայքարի հետ։

«Ո՛չ։ Եվ ես չեմ ցանկանում արդարացումներ փնտրել ո՛չ բացակայող ֆուտբոլիստների մեջ, ո՛չ էլ նրանց, ովքեր այստեղ են, բայց որոշակի խնդիրներ ունեն։ Բանը դրանում չէ։ Պետք է նայել հայելու մեջ, ընդունել իրավիճակը և մեկնել Պորտուգալիա Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Սպորտինգի» դեմ խաղին պարզ գլխով, ճիշտ ըմբռնումով ու հաջորդ մարտահրավերին պատրաստ։

Արդյո՞ք երկու մրցաշարերից դուրս մնալը կարող է օգուտ տալ չեմպիոնության համար մղվող պայքարին։ Չգիտեմ։ Հիմա մենք դուրս ենք մնացել, և առայժմ այդ ցավը կա։ Բայց երբ այդ ցավն անցնի, մենք պետք է լավագույնս օգտագործենք մեր ունեցած ժամանակը, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր բոլոր ռեսուրսների կիրառումն ու դառնանք ավելի լավը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը «Արսենալը» կանցկացնի ապրիլի 7-ին Լիսաբոնում՝ մրցելով «Սպորտինգի» հետ։

Leave a Comment