6 ապրիլի 2026 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը՝ այդ մասին հայտարարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, ով պետական այցով Վրաստանում է:
«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ գոյակցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք դրական ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանն ու խաղաղ գործընթացին»,- նշել է Կոբախիձեն, հայտնում է Արմենպրեսը:
Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը ստեղծում է նոր հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։
«Մենք տեսնում ենք գլոբալ քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխություններն ավելի շատ են ամրապնդում Միջին միջանցքի նշանակությունը՝ ներառյալ Սև ծովն ու Հարավային Կովկասը՝ որպես ռազմավարական տարածք»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։