2018 թվականին մի խումբ անձանց կողմից խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՌՍ-ն, ԱԲ-ն և ԱՄ-ն՝ ՀԽ-ի կողմից եղբայրներ՝ ԱԱ-ին և ՄԿ-ին պարտք եղած 10 մլն ՌԴ ռուբլի գումարը վերադարձնելու նպատակով այցելել են ՀԽ.-ի եղբոր՝ ԿԽ-ի բնակարան, որտեղ 2018 թվականի մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, գործելով խմբի կազմում, նախնական հանցավոր համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, խոշտանգել՝ հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել ԿԽ-ին և նրա եղբորորդուն՝ անչափահաս ԱԽ-ին:  

ՌՍ-ի, ՄԿ-ի, ԱԱ-ի, ԱԲ-ի և ԱՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

ԱԲ-ի և ԱՄ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

ՌՍ-ի, ՄԿ-ի, ԱԱ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment