Որտե՞ղ է Հորմուզի նեղուցի բանալին․ ԱՄՆ-ն սպառնում է, Իրանը՝ հեգնում

Միջազգային լրահոսը լի է Իրան–Իսրայել փոխադարձ հարվածների, ամերիկյան սպառնալիքների մասին տեղեկություններով։ Ընդ որում՝ այդ հարվածները միայն ռազմական չեն։ Դրանք նաև դիվանագիտական են և հնչեցվում են ոչ միայն կոշտ հռետորաբանությամբ, այլև անթաքույց հեգնանքով։ Այդ ամենին զուգահեռ՝ Իրանն ահազանգում է ռադիոակտիվ վտանգի հավանականության մասին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հասցեագրված նամակում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտնում է, որ Բուշերի ԱԷԿ-ին հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ ողջ Մերձավոր Արևելքի համար։

Իրանի դեմ պատերազմի 37-րդ օրը դեռևս հույսեր չկան, որ մերձավորարևելյան հակամարտությունը մոտ է հանգուցալուծմանը։ Օր օրի ահագնանում են հակամարտող կողմերի փոխադարձ սպառնալիքները։ ԱՄՆ–ն «դժոխք» է խոստանում է Իրանին, եթե Հորմուզի  նեղուցը հնարավորինս արագ չբացվի։ Դոնալդ Թրամփը դարձյալ վերջնաժամկետ է սահմանել։ Որպես պատժիչ հարվածների թիրախ ԱՄՆ նախագահը նշել է Իրանի քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես կամուրջներն ու էլեկրտակայանները։

Հորմուզի նեղուցը բացելու համար Թեհրանին տրված ժամկետը, ըստ ԱՄՆ նախագահի, լրանում է երեքշաբթի՝ ապրիլի 7-ին։

Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում այսպիսի գրառում է արել․

«Երեքշաբթի Իրանում կլինի էլեկտրակայանի և կամրջի օր, բոլորը՝ միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փա՛ռք Ալլահին»։

Նույնքան սպառնալի են Թեհրանի հակադարձ արձագանքները։ Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին զգուշացնում է, որ Իսլամական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներին Իրանի բանակը կրկնակի ուժգնությամբ կպատասխանի․

«Եթե քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կրկնվեն, մեր հարձակողական և պատասխան գործողությունների հաջորդ փուլերը կլինեն շատ ավելի ուժգին և շատ ավելի լայնամասշտաբ, և նրանց կորուստներն ու վնասները կբազմապատկվեն»։

Թեհրանը ԱՄՆ նախագահի սպառնալիքները որակել է «պատերազմական հանցագործություն կատարելու մտադրություն»: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը բացահայտորեն սպառնում է, որ կոչնչացնի Իրանի քաղաքացիական գոյատևման համար կարևոր ենթակառուցվածքները։

Սպառնալիքներին զուգահեռ չեն դադարում խոսակցությունները հրադադարի հնարավորության մասին։ Axios պարբերականն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների միջոցով քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունն ու դրա պայմանները։

Reuters-ն էլ իր իրանական աղբյուրներին հղումով գրում է, որ Թեհրանը մտադիր չէ բացելու Հորմուզի նեղուցը՝ ժամանակավոր հրադադարի դիմաց և համոզված է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ մշտական հրադադարի։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը երբեք նախկինի պես չի գործի․

«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին կարգավիճակին, հատկապես ԱՄՆ–ի և Իսրայելի համար»։

Հակառակ սպառնալիքներին՝ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, չի հրաժարվում Իրանի հետ համաձայնության հասնելու մտքից։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ դրա համար լավ հնարավորություն կա: Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշում է․

«Մի քանի օր առաջ Պակիստանն ու մի շարք այլ բարեկամ պետություններ մեզ ներկայացրին ԱՄՆ 15–կետանոց ծրագիրը, և մենք պարզաբանեցինք, որ առաջարկները չափազանցված են և անընդունելի»։

Իրանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ Թեհրանի պահանջները հստակ են, և դրանց մասին կտեղեկացնեն պատշաճ պահին։

Ի դեպ, ամերիկյան սպառնալիքներին իրանցիները նաև հեգնանքով են պատասխանում։ Որոշ երկրներում Իրանի դեսպանատները սոցցանցերում գրում են, որ «կորցրել են Հորմուզի նեղուցի բանալիները»։

Leave a Comment