«Գողական աշխարհ» հասկացության անորոշությունը վկայում է Պապին Բեյբությանի դեմ մեղադրանքի անհիմն լինելու մասին․պաշտպան Էրիկ Ալեքսանյան

Պապին Բեյբությանի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ ապրիլի 3-ին Երևանում։ Նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց եզրափակիչ ելույթները՝ անդրադառնալով մեղադրանքի հիմնավորվածությանը և ներկայացված ապացույցներին։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, մինչ եզրափակիչ ելույթին անցնելը, անհրաժեշտ համարեց ընդգծել, որ Պապին Բեյբությանի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ, քանի որ առկա են լուրջ խնդիրներ ինչպես մեղադրանքի հիմնավորվածության, այնպես էլ կիրառված իրավական նորմերի հստակության հետ։

Պաշտպանը իր ելույթում անդրադարձավ «գողական աշխարհ» հասկացությանը՝ նշելով, որ այն չունի հստակ ձևակերպված ծագում, միանշանակ սահմանում և փաստաթղթավորված կանոնակարգ։ Նրա խոսքով՝ տարբեր ժամանակաշրջաններում այդ երևույթի վերաբերյալ ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ սկսած 1917 թվականի հեղափոխությունից մինչև ստալինյան ժամանակաշրջան, սակայն այդ մոտեցումները չունեն իրավական ամրագրվածություն և հստակություն։

Էրիկ Ալեքսանյանը շեշտեց, որ նույնիսկ այդ ենթամշակույթի ներսում առկա են տարբեր ինքնանույնականացումներ՝ «գող», «օրենքով գող», «գաղափարական գող», ինչը ևս վկայում է հասկացության միասնական և հստակ չափանիշների բացակայության մասին։ Ըստ նրա՝ այս հանգամանքը էական նշանակություն ունի, քանի որ քրեական պատասխանատվություն կիրառելու համար անհրաժեշտ է հստակ և որոշակի իրավական հիմք։

Անդրադառնալով քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին՝ պաշտպանը նշեց, որ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» հասկացությունը ենթադրում է հստակ կառուցվածք, ներքին կանոններ և նպատակներ, այդ թվում՝ հանցագործությունների կատարում, հովանավորում կամ վեճերի ոչ իրավաչափ լուծում։ Սակայն, ըստ նրա, տվյալ գործով այդպիսի հանգամանքների առկայությունը չի ապացուցվել։

Պաշտպանը նաև անդրադարձավ «քրեական հեղինակություն» հասկացությանը՝ նշելով, որ նման կարգավիճակ ունենալու համար անձը պետք է անցած լինի որոշակի քրեական ճանապարհ և ներգրավված լինի համապատասխան գործունեության մեջ։ Մինչդեռ, նրա խոսքով, Պապին Բեյբությանը չունի որևէ քրեական անցյալ, երբևէ չի դատապարտվել և չի հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Էրիկ Ալեքսանյանը հարց բարձրացրեց, թե ինչ պայմաններում և ինչ գործողությունների արդյունքում կարող էր Պապին Բեյբությանը ձեռք բերել «քրեական հեղինակության» ենթադրյալ կարգավիճակ, եթե նրա վերաբերյալ նման տվյալներ առկա չեն։ Նրա համոզմամբ՝ այս հարցի պատասխանի բացակայությունը վկայում է մեղադրանքի անհիմն լինելու մասին։

Եզրափակելով իր խոսքը՝ պաշտպանը նշեց, որ գործով առաջադրված մեղադրանքը հիմնված է անորոշ ձևակերպումների և չապացուցված ենթադրությունների վրա, և այն չի կարող հանդիսանալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու բավարար հիմք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment