Գիտնականները պարզել են, որ դաջվածքները միայն արտաքին փոփոխություն չեն․ դրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ մարդու իմունային համակարգի վրա։ Երբ դաջվածքի ներկը ներարկվում է մաշկի խորը շերտերում, օրգանիզմը այն ճանաչում է որպես օտար նյութ, և իմունային բջիջները փորձում են հեռացնել այն։ Սակայն ներկի մասնիկները ամբողջությամբ չեն վերացվում և մնում են մաշկում, ինչի շնորհիվ դաջվածքը մշտական է դառնում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ դաջվածքի ներկի որոշ մասնիկներ կարող են անցնել նաև ավշային համակարգ և կուտակվել ավշային հանգույցներում։ Որոշ ներկեր պարունակում են մետաղների հետքեր՝ օրինակ նիկել, քրոմ կամ կոբալտ, որոնք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ բորբոքումներ։
Մասնագետները նշում են, որ դաջվածքները հիմնականում անվտանգ են, սակայն դրանք լիովին ռիսկերից զերծ չեն, և դրանց երկարաժամկետ ազդեցությունը մարդու առողջության վրա դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ։
