Անդրանիկ Քոչարյանի «բարձրակարգ տղայի»՝ բանակից խուսափելու ուշագրավ պատմությունը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողները դարձյալ հիշեցնում են, որ որդին չի ծառայել բանակում։ Անդրանիկ Քոչարյանը նախ ասում է՝ դիմեք գլխավոր դատախազին, հետո վիրավորում է լրագրողին, թե՝ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքներիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»։

Հիշեցնենք ընթերցողին, դատախազին, պաշտպանության նախարարին և Անդրանիկ Քոչարյանին՝ վերջինիս «բարձրակարգ տղայի»՝ բանակից խուսափելու շատ ուշագրավ պատմությունը։

2020թ․ ապրիլի 15-ին, Yerevan.Today-ը հրապարակեց հետաքննություն՝ «ՊՆ-ը պարտակո՞ւմ է Անդրանիկ Քոչարյանի որդու բանակ չզորակոչվելու հիմքերը» վերնագրով։ Նրանում փաստեր էին այն մասին, որ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանը, (ծնվ․՝ 01․01․1994թ․), բուհն ավարտելուց հետո ընդունվում է ասպիրանտուրա՝ 16․06․2016թ․, ՀՊՏՀ-ում, և ևս 3 տարի՝ մինչև 16․06․2019թ․, ստանում տարկետում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո, սակայն, չի պաշտպանում թեկնածուական ատենախոսություն և, տարկետումն ավարտված լինելու պատճառով, ենթակա է լինում զորակոչի։

Սակայն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի որդին բաց է թողնում երկու զորակոչ՝ մինչև 2020 թվականին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

Մեր հարցմանը, թե ինչու է բաց թողել երկու զորակոչ, Պաշտպանության նախարարությունը չի տրամադրում տեղեկություններ՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանությանը։

Հրապարակում ենք հետաքննությունը և ուղարկում նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Նյութի հրապարակումից հետո ՊՆ-ն պարզաբանում է, թե՝ տարկետման լրացումից հետո ՊՆ-ն Անդրանիկ Քոչարյանի որդուն երկու անգամ էլ տվել է տարկետում առողջական հիմքով։ Մինչ երկրորդ տարկետման ավարտը, նա հասցնում է պաշտպանել ատենախոսությունը և չգնալ բանակ։

Եվ հիմա Անդրանիկ Քոչարյանը (որը ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է, որի հանձնաժողովից որոշ դեպքերում ուղիղ կախում ունի պաշտպանության նախարարությունը, և հանձնաժողովի նախագահի որդուն տալիս է տարկետում), խոսում է «բարձրակարգ տղայի» բանակ չգնալու մասին և հորդորում դիմել գլխավոր դատախազին։

Է, դիմեցինք, հետո՞։

Leave a Comment