«Հոսք». մշակույթը՝ անվերջանալի շարժում և փորձարարություն․ «Վերնատուն»

Հայաստանում ստեղծարար ինդուստրիաների զարգացումը ենթադրում է թե՛ համակարգային կրթական մոտեցումների ներդրում, թե՛ համարձակ փորձարարությունների իրականացում։ «Հոսք» մշակութային հիմնադրամն իր գործունեությամբ ձևավորում է մի յուրօրինակ միջավայր, որտեղ հատվում են արվեստը, տեխնոլոգիան և կրթությունը։ Հիմնադրամի գործադիր ղեկավար Արթուր Աթայանը և երաժշտական ծրագրերի ղեկավար Լուսինե Մլքե-Գալստյանը խոսում են «Հոսք» հիմնադրամի նպատակների ու նախագծերի, կրթական ու փորձարարական ծրագրերի, ստեղծարար դաշտի բացերի մասին։

Արթուր Աթայանի բնորոշմամբ՝ «Հոսքի» հիմնական նպատակը Հայաստանում ստեղծարար ինդուստրիաների շղթայական և ամբողջական կայացումն է։ Այն սկսվում է դաշտի խնդիրների խորքային վերլուծությամբ և շարունակվում այդ բացերը լրացնելուն ուղղված հետևողական աշխատանքով, որտեղ առանցքային դեր ունեն հատկապես կրթական նոր ձևաչափերը։ Լուսինե Մլքե-Գալստյանն ընդգծում է, որ թիմի տեսլականը միջդիսցիպլինար համագործակցության հարթակ ստեղծելն է, որտեղ արվեստագետները հնարավորություն կունենան զարգանալու և հայկական ստեղծարար ներուժը պատշաճ կերպով ներկայացնելու աշխարհին։ Այս ճանապարհին գլխավոր մարտահրավերն ու միևնույն ժամանակ ամենացանկալի արդյունքը մշակութային բևեռացված փոքր համայնքների միավորումն ու փոխազդեցությունն է։

Մշակույթն իր էությամբ անընդհատ փոփոխվող մի հոսք է, որտեղ երևույթները միախառնվում են, համագործակցում, երբեմն էլ առանձնանում կամ ձևափոխվում։ Սա անվերջանալի գործընթաց է, որի հիմքում ընկած է գաղափարներն իրականացնելու ձգտումը։ «Հոսելու» և մշտական շարժման մեջ լինելու ցանկությունն այն առաջնային արժեքն է, որը պետք է դառնա ստեղծարար ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչի ուղեկիցը։

Leave a Comment