
Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի պետական գործակալության խմբագրականը կանխատեսում է, որ Իրանի դեմ «ամերիկյան ցամաքային ռազմագործողությունը գրեթե անխուսափելի» է և ապագա իրավիճակը զուգահեռում վիետնամյան պատերազմի հետ: Հեղինակը համոզված է, որ Թեհրանը «հարեւան երկրներին հստակ ուղերձ է հղում, որ ինքն է անվտանգության երաշխավոր լինելու» և մեջբերում Foreign Affairs-ի գնահատականը, «Իրանը ճգնաժամից դուրս կգա տնտեսապես և քաղաքականապես ուժեղացած»:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Պակիստանի կողմից մշակվել է իրանա-ամերիկյան կարգավորման ծրագիր, որ Իսլամաբադը քննարկել է «ԱՄՆ փոխնախագահ Վենսի և Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ»: Ըստ երևույթին, Միացյալ Նահանգների նախագահը նկատի է ունեցել այդ բանակցությունները, երբ ասել է, որ Իրանը և ԱՄՆ-ը «առաջիկա մեկ օրվա ընթացքում կարող են գործարքի հասնել»:
Կարգավորման պակիստանյան ծրագիրը, ինչպես իսրայելական աղբյուրներն են բացահայտել, ենթադրում է քառասունհինգօրա ժամկետով կրակի դադարեցում և Հորմուզի նեղուցի բացում և տասնհինգ օրում վերջնական համաձայնության հաստատում: Նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը: Դատելով ՌԻԱ Նովոստիի կանխատեսումից, որ ԱՄՆ-ը «Իրանի դեմ ցամաքային ներխուժում է ծրագրում», Մոսկվան պակիստանյան առաջարկությունների հիման վրա Իրանում կրակի դադարեցմանը «չի վստահում»:
Որքան էլ արտառոց չհնչի, իրանա-իսրայելա-ամերիկյան պատերազմը մի քանի առումներով Ռուսաստանին ձեռնտու է: Ամենակարևորը, թերևս, այն է, ինչ ձևակերպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ Իրանի դեմ պատերազմը ուկրաինական կարգավորումը «երկրորդ պլան է մղել»: Ռուսաստանի համար, իհարկե, Իրանի ռազմավարական պարտությունը շատ թանկ կարժենա, բայց ճգնաժամից Իրանի ավելի ուժեղ դիրքերով դուրս գալու դեպքում էլ Մոսկվան լուրջ խնդիրներ կունենա ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ Հարավային Կովկասում:
ԱՄՆ նախագահը խոստացել է Իրանի դեմ «բացել դժոխքի դարպասները», եթե իր կողմից սահմանված քառասունութ ժամի ընթացքում Հորմուզի նեղուցը չբացվի և գործարքի սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չբերվի: Ապրիլի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը իրանցի պաշտոնակից Արաղչիին ի՞նչ «խորհուրդ է տվել»: Բայց ավելի կարևոր է, թե Իրանում Ռուսաստանի «խորհուրդներին» ի՞նչ կարևորություն են տալիս: Մեկ ամսից ավելի տևող պատերազմը Թեհրանի համար բացառիկ հնարավորություն է, որպեսզի Վաշինգտոնի հետ սկզբունքային պայմանավորվածության հասնի՝ առանց Ռուսաստանի միջնորդության: Եթե Իրանը կարողանա արդյունավետորեն իրացնել շանսը, ապա ճգնաժամից դուրս կգա իրոք ավելի ուժեղացած: