Պատգամավորն առաջարկել է ՊՆ ղեկավարությանը լողանալ շաբաթը մեկ անգամ ինչպես բանակը – Նորություններ 06.04.2026

Լուսանկարը` sputnik

Լուսանկարը` sputnik

ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել զինված ուժերում տիրող կենցաղային պայմանները՝ պահանջելով ապահովել զինծառայողների ամենօրյա լոգանքի հնարավորությունը։

Ապրիլի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնել է, որ արդեն երկու տարի ապարդյուն խնդրում է պաշտպանության նախարարին լուծել բանակում հիգիենայի հարցը: Նրա խոսքով՝ խնդիրն առանձնակի սրվել էր դեռևս 2024 թվականին, երբ փակ հանդիպման ժամանակ քննարկվում էր զինվորի՝ թոքաբորբից մահվան դեպքը, որը հավանաբար առաջացել էր սառը ջրով լողանալու հետևանքով:

Սարգսյանն ընդգծել է, որ շաբաթական մեկ անգամ լողանալու պրակտիկան հիմնականում պահպանվել է միայն մի շարք թերզարգացած պետություններում, մինչդեռ աշխարհի տասնյակ բանակներում ամենօրյա լոգանքը նորմ է համարվում: Պատգամավորը նշել է, որ այս փոփոխությունը լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի պահանջում:

Թեև նորակառույց որոշ զորամասերում պայմանները բարելավվել են, զինծառայողների մեծ մասը շարունակում է լողանալ միայն շաբաթը մեկ անգամ:

Քանի որ խնդիրը տևական ժամանակ չի լուծվում, քաղաքական գործիչը հանդես է եկել յուրօրինակ առաջարկով. պաշտպանության նախարարության ղեկավար կազմն ինքը պետք է անցնի հիգիենայի այդ ռեժիմին և լողանա շաբաթական մեկ անգամ այնքան ժամանակ, մինչև զինվորների համար ապահովվեն պատշաճ կենցաղային պայմաններ:

Leave a Comment