Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ ԲԵԼՏԱ գործակալության՝ պետության ղեկավարը նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշակի ձեռքբերումների հետ մեկտեղ կան նաեւ խնդիրներ, որոնց մասին Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս բաց խոսել է՝ այդ թվում միջազգային հանդիպումների եւ միջոցառումների ժամանակ։ Այդպիսի հարցերից մեկը, որը հատուկ ուշադրություն է պահանջում, նա համարել է Հայաստանի հետ հարաբերությունները։
«Մենք պետք է ավելի կոռեկտ եւ զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի գործունեությանը, բայց միեւնույն ժամանակ մնում է կազմակերպության կազմում,- ասել է պետության ղեկավարը։ —Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այս առումով բարդ իրավիճակ է, հատկապես ընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Այդ պատճառով պետք է շատ զգույշ եւ զգոն լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»։
Այս առումով Ալեքսանդր Լուկաշենկոն կարեւոր է համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումների կազմակերպումը։ «Հատկապես հիմա՝ այս սուր ընտրական շրջանում, երբ Հայաստանի ղեկավարությունը ազնիվ եւ բաց կխոսի իրավիճակի մասին, այդ թվում՝ նաեւ ՀԱՊԿ ուղղությամբ»,- նշել է բելառուսական առաջնորդը։
«Եթե դուք այնտեղ լինեիք, հանդիպեիք թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, եւ իմանայիք նրանց դիրքորոշումը ապագայի վերաբերյալ, դա վատ չէր լինի»,- ասել է Լուկաշենսկոն։