Ստեփանակերտում ջարդել են Սուրբ Աստվածամոր Մայր տաճարի պատուհանները – armeniatoday.am

Ստեփանակերտում անհայտ անձինք ջարդել են Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի առնվազն երկու պատուհան, հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) նախաձեռնությունը:

Նախաձեռնությունը մշտադիրկել է ադրբեջանցի օգտատերերի հրապարակած տեսանյութերը, որոնցում երևում է, որ շինությունն ամբողջությամբ կանգուն է և արտաքինից էական վնասվածքներ չունի, սակայն տաճարի երկու պատուհան ջարդված է: Նախկինում դրանք անվնաս են եղել, հայտնել են նախաձեռնությունից՝ դեպքը որակելով որպես վանդալիզմի ակտ:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության արձագանքում նշվում է, որ տեղի ունեցածը 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի («Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին») 4-րդ հոդվածի և դրան կից 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին արգելել, կանխել և ճնշել մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն: Իսկ Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած փոփոխություն, որն ուղղված է մշակութային կամ պատմական վկայությունների թաքցմանը կամ ոչնչացմանը:

Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել է Բաքվին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները:

Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և համարվում է քաղաքի կարևոր ճարտարապետական խորհրդանիշներից մեկը:

Leave a Comment