Բաքուն դիմել է Մոսկվային՝ Արցախի թեմայով հայտարարությունների պատճառով

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման և դրան նախորդած հայտարարությունները՝ Արցախի վերաբերյալ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցին, ուր նա մեկնաբանել էր ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպմանը քննարկված հարցը, թե առաջինը որ կողմը՝ Ռուսաստանը, թե՞ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Արցախն օկուպացրած Ադրբեջանը ռուսական կողմին ուղղված արձագանքում նշել է, թե «ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիվանագիտական ուղիներով Ռուսաստանի նախագահի վարչակազմին, կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը փոխանցվել է իր դիրքորոշումը՝ ակնկալելով, որ «Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն անթույլատրելի է»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ հայտարարություննեը դադարեցնելու կոչ է արել ռուսական կողմին՝ շեշտելով, որ «դրանք հնչում են այն ժամանակահատվածում, երբ ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են բարդ մնալ»։

ՀՀ և ՌԴ ղեկավարների՝ ապրիլի 1-ի հանդիպմանը, Պուտինը նշել էր, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինչին ի պատասխան Փաշինյանը արձագանքել էր, որ դա արվել է միայն այն բանից հետո, երբ «ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն խոսել է այդ մասին»։

Leave a Comment