Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը:
«Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, Ռուսաստանի պաշտոնյաները հանրային քննարկումներում շոշափել են հարցեր, որոնք վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին:
Այս կապակցությամբ դիվանագիտական խողովակներով Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, ռուսաստանյան կառավարությանը և ՌԴ ԱԳՆ-ին է փոխանցվել Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջանը քաղաքական սպեկուլյացիաներում օգտագործելու անթույլատրելիության հետ, և մեր ակնկալիքները՝ նման գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այն, որ Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշման, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա։ Չնայած դրան՝ այս թեման շարունակում է հնչել ռուսաստանյան կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում: Այսպես, այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Вести» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին, կրկին մեկնաբանել է այն հարցը, թե որ կողմը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Հայաստանն է առաջինը Ղարաբաղյան տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։