2026 թվականի մարտի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացրել է որոշում՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին ազատել վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն՝ կարճելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Իրավախախտման բնույթը և գործի հանգամանքները.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզել է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Եվրոպական կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված ժամկետում (մինչև փետրվարի 20-ը) չի ներկայացվել Հանձնաժողովին։ Արդյունքում, Հանձնաժողովը 2026 թվականի մարտի 9-ին կազմել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 189.13 հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով (Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը-հեղ.)։
Մինչև գործի քննությունը (11.03.2026թ.), կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ներկայացրել է պահանջվող տարեկան հաշվետվությունը Հանձնաժողովին։
Հանձնաժողովի եզրահանգումը.
Հանձնաժողովը գտել է, որ թեև տեղի է ունեցել իրավախախտում, սակայն այն ունի նվազ նշանակություն, քանի որ մինչև գործի քննությունը հաշվետվությունը ներկայացվել է, և օրենքով պաշտպանվող հանրային հաշվետվողականության էությունը չի խաթարվել։
Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ նման խախտման վերաբերյալ կուսակցությանը ծանուցում է ներկայացվել առաջին անգամ։
Արդյունքում, Հանձնաժողովը որոշել է Տիգրան Խզմալյանին ազատել վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն՝ կարճելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը։