Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Հարության տոնի առիթով

Ապրիլի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդել է դեպի Մայր Տաճար: Հայրապետական ամպհովանին այս տարի կրել են բ.գ.դ., պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Գրաբսկին, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, իրավաբան, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը և փաստաբան Երեմ Սարգսյանը։

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորել են Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Սուրբ Պատարագին ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Արարարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղել է հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաձայն ավետիսը:

Ամենայն հայոց կաթողիկոսը հավատացյալներին պատգամել է գերադասել սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով հնարավոր լինի վեր հառնել պատուհասած դժվարություններից, ամրապնդել պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։

«Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։

Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։

Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը, Ով «Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես Իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2.14):

Սուրբ Հարության ուրախալի ավետիսով Միածնաէջ Մայր Տաճարից եղբայրական Մեր ողջույններն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգևոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների Պետերին, և իրենց հավատավոր հոտին:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ ազգային ու հոգևոր արժեքներին նախանձախնդիր մեր ժողովրդին։ Հայրական Մեր գնահատանքը ձեզ ամենքիդ, սիրելիներ, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին հանապազ դրսևորվող հավատարմության և ջերմ նվիրումի համար։ Մենք ամեն օր զգացել և շարունակում ենք զգալ ձեր աղոթքի զորությունը։

Ձեզնով է շեն ու անսասան մեր Սուրբ Եկեղեցին, որին դարերի փորձություններն անգամ չեն խորտակել։ Ձեզնով է զորեղ, ամուր ու լուսափայլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Շարունակեք ապրել աղոթքով, գործեք ու արարեք առ հայրենին ու Մայր Եկեղեցին սիրով՝ ի նպաստ մեր երկրի շինության ու լուսավոր գալիքի։

Հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք բարձրացնենք առ հարուցյալ Աստվածորդին, որ Իր անբավ ողորմությամբ պարգևի խաղաղություն ու ապահովություն համայն աշխարհին և հայրենի մեր երկրին։ Հայցենք, որ երկնային կենարար շնորհներով զորանա աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, ապրի հավատով ներշաղախ կյանքով, դժվարությունները հաղթահարելու խիզախ ու անկոտրում ոգով։

Աղոթենք, որ համազգային մեր անդաստանում հաստատուն լինեն ճշմարտասիրությունը, արդարամտությունն ու միաբանությունը, որպեսզի բարի արգասիքներով, ազգաշահ ու հայրենօգուտ նորանոր ձեռքբերումներով կերտենք ապագայատեսիլ մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները՝ ի փառս Աստծո և ի հավետ պայծառություն ազգի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։

Աղոթենք նաև պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների, այլև նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար։

Թող Աստծո ամենախնամ Աջը, սերը և օրհնությունները հովանի լինեն մեզ ամենքիս այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Leave a Comment