Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն. Տեսանյութ, Լուսանկար

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի խումբ մարդիկ շնամարտ են կազմակերպել:

Տեսանյութում նկատելի է, որ մի քանի կանայք հորդորում են կազմակերպիչներին դադարեցնել կենդանիների նկատմամբ խոշտանգումը և դաժան վերաբերմունքը: Հավաքված տաղամարդիկ, սակայն, վիրավորում և կոպտում են այդ կանանց՝ անպարկեշտ խոսույթով փորձելով նրանց հեռացնել տարածքից:

Հարցի առնչությամբ ՆԳՆ-ից հայտնել են. «Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն»:

Նկատենք, որ տարածված տեսանյութին «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ոստիկանությանը կոչ անելով արձագանքել:

«Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տարածելով այսօր կենդանիների պաշտպանության զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից հրապարակված տեսանյութը։ Դրանում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։

Նշենք՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը սահմանում է՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը, հանցագործություն է։

Leave a Comment