Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը գնահատել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ինչպես նաև անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին, Արցախի հայաթափման պատասխանատվությանը և թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի մտնելու հնարավոր սցենարին ու դրանից բխող ռիսկերին։
Ներկայացնելով Կոնգրեսի դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ՝ Մանուկյանը նշել է ընդդիմադիր դաշտում լայն համախմբման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրությունները ոչ թե սովորական քաղաքական մրցակցություն են, այլ պետականության պահպանման հանրաքվե։
Մանուկյանի խոսքով՝ կուսակցության առաջնահերթությունը պետականության կորստի և երկրի «վիլայեթացման» սցենարի կասեցումն է։ Նա շեշտել է, որ ստեղծված իրավիճակում քաղաքական կոնսոլիդացիան այլընտրանք չունի։
Ըստ նրա՝ երկիրն արագացված տեմպերով կորցնում է իր սուվերենությունը՝ հայտնվելով հարևան թշնամական պետությունների ազդեցության տակ։
«Առաջիկա ընտրությունների դրվածքը հենց սա է լինելու՝ պահվո՞ւմ է Հայաստանի անկախությունը, թե՞ չի պահվում։ Հայաստանը ակնհայտ արագացված տեմպերով մտնում է Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության տակ», – ասել է նա:
Անդրադառնալով պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական կուրսին՝ ՀԱԿ փոխնախագահը խիստ քննադատության է ենթարկել գործող վարչակազմի մերձեցումը Արևմուտքի հետ, որն իրականացվում է ի հաշիվ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների հետևողական վատթարացման։ Ըստ Մանուկյանի՝ նման մարտավարությունը զուրկ է հաշվարկված երաշխիքներից և երկիրը կանգնեցնում է տնտեսական ու լոգիստիկ մեկուսացման վտանգի առաջ՝ մեծացնելով կախվածությունը թշնամական հարևաններից։
Մանուկյանն այս մոտեցումը որակել է որպես «քաղաքական տգիտություն» և «պետական շահի դեմ ուղղված հանցագործություն», որը կարող է անդառնալի հարված հասցնել Հայաստանի տնտեսական անվտանգությանը։
Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի կողմից հնչող վերջին նախազգուշացումները լուրջ սպառնալիքներ են պարունակում Հայաստանի տնտեսության համար։
«Չի կարելի եվրոպացիներին սիրաշահելու համար թշնամանալ քո ռազմավարական գործընկերոջ հետ։ Սա քաղաքական տգիտություն է կամ հանցագործություն է, երբ դու որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի պատվերը կատարում ես քո տարածքում ուրիշի դեմ աշխատելու համար», – ասել է Մանուկյանը:
Գնահատելով TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») հետագա ընթացքը՝ նա ասել է, որ այն ամենայն հավանականությամբ այլևս չի գործելու այնպես, ինչպես նախատեսված էր։ Մանուկյանի կարծիքով՝ ամերիկացիները, պայմանավորված Իրանի դեմ պատերազմով, փոքր-ինչ հետ են քաշվել. – «Այդ առումով Նիկոլ Փաշինյանի խաղաղության արևմտյան մոդելն ի ճիգ է դառնում»:
Արցախյան հարցի և խաղաղության գործընթացի համատեքստում քաղաքական գործիչը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։ Նա նշել է, որ 2018-ին Փաշինյանն ուներ պատմական հնարավորություն և ժողովրդի վստահության բարձր քվե՝ հարցը հօգուտ հայկական կողմի լուծելու համար, սակայն գիտակցաբար գնաց Արցախի հանձնմանը։
Նա հերքել է այն թեզը, թե նախկինում Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում՝ պարզաբանելով ինքնորոշման իրավունքի միջազգային նորմերը։
«Փաշինյանը լավագույն հնարավորությունն ուներ, և այդ ժամանակ ինքը ինչ լուծման էլ գնար, դա կլիներ պատմական լուծում, Ղարաբաղը կշահեր, Հայաստանը կշահեր։ Նրա հանցագործություններից մեխը և ամենածանր բանը Ղարաբաղը դատարկելն էր», – ամփոփել է Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
