Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Մերձավոր Արևելքի հայ բնակչությանը հորդորել է հավատարիմ լինել իրենց պետության որդեգրած քաղաքականությանը և որոշումներին։
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի երկրներում հաստատված մեր համայնքները։ Պատերազմը ավեր է գործում տարածաշրջանում՝ մարդկային, նյութական և տնտեսական առումներով։ Հայ համայնքները բնականաբար ենթակա են պատերազմի ծանր հետևանքներին», – նշել է կաթողիկոսը:
Արամ Ա-ն շեշտել է՝ իրականում, տարբեր քաղաքական, կրոնական, մշակութային, տնտեսական ու սոցիալական միջավայրերում ապրելով՝ անհրաժեշտ է համարում, որ հայերը տեղական պայմաններին հարմարվելու հետ մեկտեղ, հավատարիմ մնան այլ սկզբունքների ևս:
«Մասնակցեն տագնապները հաղթահարելու, դժվարությունները մեղմելու և սոցիալ-տնտեսական կյանքը վերականգնելու նպատակով պետական և համայնքային կառույցների աշխատանքներին։ Եվ որպես կազմակերպված համայնքների անդամներ՝ անհրաժեշտ է, որ մեր հայրենակիցները համախմբվեն մեր եկեղեցիների, համայնքային կազմակերպությունների ու կենտրոնների շուրջ։ Արթուն լինեն և մոտիկից հետևեն զարգացումներին, որպեսզի կարողանան մեր համայնքը հեռու պահել վտանգավոր իրավիճակներից։ Միակամ լինեն՝ բոլոր դժվարությունները միասին հաղթահարելու և համայնքային նախաձեռնություններին մասնակցելու գործում», – ասված է կաթողիկոսի Սուրբ Հարության տոնի ուղերձում։
Նա հավելել է, որ մշտական կապի մեջ ենք կրոնական ու համայնքային պատասխանատուների հետ։
Արամ Ա-ն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով եղբայրական ջերմ սիրով ողջունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ մաղթելով երկար ու աստվածահաճո գահակալություն։
«Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի մեր ազգի զավակներին, որպեսզի կարողանանք հարուցյալ Փրկչի հաղթանակով զորացած, նորոգված հավատքով ու կամքով դիմագրավել մեր եկեղեցու, հայրենիքի ու ժողովրդի առաջ կանգնած մարտահրավերները», – ընդգծել է նա։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի: Իրանն, իր հերթին, հարվածում է Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Բացի այդ, Թեհրանը փակ է պահում Հորմուզի նեղուցը:
