Շաբաթ օրը ԱՄՆ-ն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցրել Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի նավթաքիմիական օբյեկտներին։ Թիրախավորվել են Մահշահրի նավթաքիմիական հատուկ գոտին և մի քանի արդյունաբերական համալիր․ հայտնում է Tasnim-ը։
Խուզեստանի փոխնահանգապետ Վալիոլլա Հայաթը հաստատել է հարձակումը նավթաքիմիական հատուկ գոտու ուղղությամբ։ Ավելին, այսօր նաև Բուշերի ատոմակայանի և դրա շրջակայքի ուղղությամբ է հարված եղել։ Այս ամենին զուգահեռ, Պենտագոնը հատուկ նշանակության ջոկատ է ուղարկել Իրան՝ ապրիլի 3-ին խոցված ամերիկյան F-15 կործանիչի երկրորդ օդաչուին գտնելու ու փրկելու հույսով․ հայտնում է The Telegraph թերթը։
Պատերազմի 36 օրերի ընթացքում 4-րդ անգամ թիրախավորվել է Բուշերը
Շաբաթ առավոտյան ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը կրկին թիրախավորել են Իրանի Բուշերի ատոմակայանի շրջակայքը։ Արկերից մեկն ընկել է անմիջապես ատոմակայանի ցանկապատի մոտ։ Պայթյունի ալիքի և բեկորների հետևանքով վնասվել է կայանի օժանդակ մասնաշենքերից մեկը, մեկ աշխատակից զոհվել է։ Նախնական զննումները ցույց են տվել, որ կայանի հիմնական բլոկները չեն տուժել, և ԱԷԿ-ի շահագործման բնականոն գործընթացը չի խաթարվել։
Իրանական լրատվամիջոցների նորացված տվյալներով՝ սա պատերազմի ընթացքում Բուշերի ատոմակայանի և դրա շրջակայքի ուղղությամբ արդեն 4-րդ հարվածն է։
Ըստ վերլուծաբանների, թեև հիմնական ռեակտորը չի վնասվել, բայց նման ինտենսիվությամբ և ճշգրտությամբ նոր հարվածները կարող են հանգեցնել ռեակտորի կամ հովացման համակարգերի խափանման, ինչը լայնամասշտաբ էկոլոգիական աղետ կառաջացնի Պարսից ծոցում։ Որպես պատասխան՝ Իրանը կարող է թիրախավորել Իսրայելի միջուկային ենթակառուցվածքները։
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների մեղսակից է համարել։ Նման մեղադրանք է հնչեցրել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին միջազգային գործակալության ղեկավարությանն ուղղված նամակում։ Էսլամին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի լռությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների առջև ոչ միայն անգործություն է, այլև հանցագործություն։
Թեհրանի պատասխանը
Իրանի զինված ուժերը «Ճշմարիտ խոստում 4» գործողության 94-րդ ալիքի ընթացքում խոցել են իսրայելական նոր թիրախներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս գործողության շրջանակում ապրիլի 4-ի առավոտյան խոցվել են Իսրայելի կողմից՝ մեջբերում՝ «գրավյալ տարածքների» շրջաններում, ինչպես նաև Թել Ավիվում գտնվող ռազմաարդյունաբերական կենտրոններ, հրամանատարության և ստորաբաժանումների տեղակայման վայրեր՝ մեջբերման ավարտը։
ԱՄՆ փրկության է հասնում իր օդաչուին կամ օդաչուներին
Պենտագոնը հատուկ նշանակության ջոկատ է ուղարկել Իրան՝ ապրիլի 3-ին խոցված ամերիկյան F-15 կործանիչի երկրորդ օդաչուին փրկելու համար․հայտնում է The Telegraph թերթը։
Իրանական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել, որոնք, ըստ հաղորդագրության, խոցված ինքնաթիռի բեկորներն են։ Ոստիկանությունն էլ կոչ է արել բնակիչներին միանալ օդաչուի կամ օդաչուների որոնմանը՝ առաջարկելով պարգևատրել ամերիկացի զինծառայողներին հայտնաբերողներին։
The Telegraph թերթը նշում է, որ ամերիկյան զինվորականների և Իրանի անվտանգության մարմինների միջև ինքնատիպ մրցավազք է սկսվել՝ օդաչուին առաջինը գտնելու համար։ Իրանի իշխանությունները նույնիսկ 60 հազար դոլարի պարգևավճար են խոստացել այն անձին, ով առաջինը կհայտնաբերի ողջ օդաչուին։
Բանակցությունների մասին հակասական հայտարարություններ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռի խոցումը չի ազդի Իրանի հետ մեկ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու բանակցությունների վրա, հաղորդում է NBC News-ը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հերքել է բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին ԶԼՄ-ների պնդումները: «Ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Պակիստանին՝ իր ջանքերի համար և երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։ Մեզ մտահոգում են պարտադրված ապօրինի պատերազմի վերջնական և տևական դադարեցման պայմանները»,- գրել է դիվանագետը X-ի իր էջում:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատման՝ Պակիստանի ջանքերը փակուղի են մտել, քանի որ Թեհրանը միջնորդներին պաշտոնապես տեղեկացրել է, որ չի ցանկանում առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ պահանջները համարելով անընդունելի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը հրադադար է խնդրել: Թեհրանը հերքել էր այդ պնդումը՝ արձագանքելով հեգնանքով: