Հայաստանում չեն բացառել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը գազի հարցի պատճառով

Այդ պարագայում՝ եթե նման որոշում կկայացնեն, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, հայտարարել է Ալեն Սիմոնյանը


ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։


«Նման խոսակցություները նոր չեն, ապրանքների ու գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են: Այդ պարագայում՝ եթե նման որոշում կկայացնեն, ՀՀ-ն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի», – ասել է Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։


Նա նաև նշել է, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև տեղի է ունեցել բավականին արդյունավետ զրույց։


Գազի գնի մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ ռուսական գազը Հայաստանի համար ավելի էժան է նստում, քան այդ վառելիքն արժե Եվրոպայում:


Պուտինը նշել է, որ այսօր Եվրոպայում գազի գները տատանվում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարի սահմաններում, իսկ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է հազար խորանարդ մետրը 177,5 դոլարով:


Գազի մատակարարումների մասին


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, որը Ռուսաստանից դեպի Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մենաշնորհային մատակարարն է: Գազի մատակարարումներն իրականացվում են Վրաստանի տարածքով տարանցմամբ, ռուսական գազի գինը սահմանին կազմում է 165 դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի դիմաց:


Հայաստանի տարածքում ընկերությունն իրականացնում է նաև գազի տեղափոխում, պահպանում, բաշխում և իրացում, գազատրանսպորտային համակարգի և գազի ստորգետնյա պահպանման հզորությունների վերակառուցում ու ընդլայնում:

Leave a Comment