ՀԿ-ները պահանջում են անհապաղ վերացնել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը

Մի շարք հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել և մտահոգությունն են հայտնել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ձերբակալության 6 օրվա ընթացքում երրորդ անգամ ուշագնաց լինելուց հետո Դավիթ Մինասյանը նախօրեին պատգարակի վրա տեղափոխվեց հիվանդանոց: Անցած կիրակի Սուրբ Աննայում պատարագից հետո նա դարձավ մեղադրյալ: 18-ամյա տղային երեկ բանտից տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ՝ վերակենդանցման բաժանմունք՝ հետազոտությունների:

«Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական։ Ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նա ունի առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման՝ որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում»,- ասված է ՀԿ-ների տարածած հայտարարությունում:

ՀԿ-ները պահանջում են անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի բազմակողմանի քննություն իրականացնել՝ պարզելով միջադեպի բոլոր հանգամանքները, «այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Դավիթ Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին»:

Այս հայտարարությանը միացել են Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն, Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ-ն, Երևանի մամուլի ակումբը, Հանրային լրագրության ակումբն ու այլ հասարակական կազմակերպություններ:

Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար:

18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակում:

Leave a Comment