4 ապրիլի 2026 – 13:27 AMT
PanARMENIAN.Net – Եվրոպայի առաջնությանը լավ և շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր ծանրորդներից, հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ըստ էության, մինչև Եվրոպայի առաջնությունը շատ քիչ ժամանակ է մնացել: Հետևելով մարզումներին ու զեկույցներին մենք լավ ենք նախապատրաստվել: Շատ կարևոր է, որ բարոյահոգեբանական վիճակը երկու թիմերում էլ, ինչպես նաև երիտասարդների ու պատանիների շրջանում շատ լավ է: Եվ կարծում եմ, որ հոգեբանական առումով դա լրացուցիչ խթան է, լավ արդյունքներ ցույց տալու համար: Իսկ Եվրոպայի առաջնությանը լավ և շատ լավ արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նա ընդգծել է, որ հավաքականների առաջ դրված է խնդիրը նվազագույնը պահպանել և ցուցադրել վերջին տարիներին արձանագրված լավագույն արդյունքները։
«Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ արդյունք ցույց տալ, հաշվի առնելով թե նախապատրաստական աշխատանքները ինչպես են առաջ գնում, և թե ինչպիսի լավ արդյունքներ են ցույց տալիս մեր մարզիկները մարզումների ժամանակ»,-հավելել է Հարությունյանը:
Այս օրերին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները անցկացնում են վերջին ուսումնամարզական հավաքները Երևանում՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որը նախատեսվել է անցկացնել Բաթումիում ապրիլի 19-26-ը։
Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է, որ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը կավարտվի ու ապրիլի 16-ին կմեկնենք Բաթումի: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել ենք շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»:
Նրա խոսքով՝ թիմը լիարժեք պատրաստվածությամբ է մոտեցել մրցմանը և նպատակ ունի առավելագույն արդյունք ապահովել։
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ևս ընդգծել է թիմի բարձր տրամադրվածությունը:
«Հույսերս շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել ու մեդալ նվաճել: Մենք ամբողջ թիմում միմյանց կողքի ենք լինում, թե դժվար պահերին, թե նվաճումների ժամանակ: Լիահույս եմ, որ բոլորիս կհաջողվի մեդալ նվաճել»,-ասել է նա:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը ներկայացրել է, որ թիմը գտնվում է լավ մարզավիճակում և վնասվածքներ չեն գրանցվել:
Նա ընդգծել է, որ մարզիկները լիովին պատրաստ են մրցակցությանը և նպատակադրված են բարձր արդյունքներ գրանցել։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանն ասել է. «Մարզավիճակի առումով սա վերջին փուլն է, որն անցնում ենք: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք մրցումներին: Մրցաշարի մեկնում ենք մարտական տրամադրությամբ: Ես ինձ ավելի լավ եմ զգում հենց մրցահարթակին: Փորձելու եմ մրցումներին ավելի բարելավել կիլոգրամներս: Թիմում լարվածություն չկա ու մեծամասնությունը փորձառու մարզիկներ են»: