ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները

«Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքից հեռացվել են արցախյան պատերազմներին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի հերոսամարտի եւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները։ Թեման լայն արձագանք էր ստացել հանրային դաշտում՝ առաջացնելով դժգոհության և մտահոգության ալիք։

Մեր հրապարակմանը արձագանքել էր համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ վստահեցնելով, թե ցուցանմուշները պարզապես տեղափոխվել են համալսարանի թանգարան՝ ավելի տեսանելի և լավ տեղ։ Մենք գնացինք մեր գրած նյութի հետքերով՝ հանրությանը ապացուցելու համար, որ ճիշտ ենք։

«Իշխանություն» լրատվականին պատմել էին, որ հենց մեր հրապարակման հաջորդ օրը, շտապ և հապճեպ կերպով սկսվել է ցուցանմուշների մի մասի տեղափոխումը թանգարան՝ հանրային աղմուկը մեղմելու և մեզ «սուտ հանելու» նպատակով։

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ համալսարանի թանգարանը տարածքային սահմանափակումներ ունի և ֆիզիկապես ի վիճակի չէ ընդունել ամբողջ ծավալով այդ ցուցադրությունը։ Տեղում արձանագրված պատկերն ամբողջությամբ հաստատեց մեր գնահատականը։

Այցի ժամանակ պարզեցինք, որ իսկապես այդպես է։ Սկզբում մեզ թույլ չէին տալիս մտնել թանգարան, ասում էին՝ փակ է։ Սակայն մենք պնդեցինք, որ բացեն դուռը եւ ցույց տան, որ ցուցանմուշներն այնտեղ են։ Երկարատեւ պայքարից հետո ի վերջո բացեցին դուռը, եւ ինչ պարզվեց՝ տեղի սղության պատճառով ցուցանմուշները լցրել իրար վրա։ Ակնհայտ էր, որ տեղափոխումն իրականացվել է շտապողականությամբ։

Մեզ պատմեցին, որ դա արվել է տեսանյութ նկարահանելու եւ հանրությանը խաբելու համար։

Թանգարանում բացակայում էին կարևորագույն ցուցանմուշները՝ Շուշիի ազատագրման և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները, որոնք նախկինում գտնվում էին ռազմաբժշկական ֆակուլտետի «փառքի անկյունում» և կրում էին հստակ գաղափարական ու խորհրդանշական նշանակություն։

«Իշխանություն» լրատվականը շարունակելու է հետևել թեմային։ Մենք ակնկալում ենք, որ առնվազն մինչև ապրիլի 24-ը թանգարանում պատշաճ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտին, իսկ մինչև մայիսի 9-ը՝ Շուշիի հերոսամարտը խորհրդանշող ցուցանմուշը կվերադառնա իր արժանի և տեսանելի դիրքին՝ առանց ձևական և ցուցադրական մոտեցումների։

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ հայտնված լուսանկարներից երեւում է, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքից հեռացվել է Արցախյան հերոսամարտերի ժամանակ զոհված բժիշկների «փառքի անկյունը»։ Տարիներ շարունակ համալսարանի միջանցքում տեղակայված այդ թանգարանային հատվածը ոչ միայն հուշային նշանակություն է ունեցել, այլև հայրենասիրական եւ գիտակրթական կարևոր դեր է կատարել։

Այստեղ ներկայացված էին բժիշկների անձնական իրերը, լուսանկարներ, կենսագրություններ, նրանց մասնագիտական և մարդկային սխրանքները։ Տեղադրված էր նաև Շուշիի ազատագրման մանրակերտը՝ տանկերով եւ ուղղաթիռով՝ որպես հաղթանակի խորհրդանիշ:

«Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ վերջին շրջանում ֆակուլտետի այդ հատվածը դարձել էր ակտիվ գիտակրթական այցելությունների կենտրոն․ պարբերաբար դպրոցական եւ ուսանողական խմբեր են այցելել, ծանոթանացել պատերազմի ժամանակ զոհված բժիշկների հերոսական պատմություններին, այն անձանց սխրանքներին ովքեր կայացրել են ռազմական բժշկությունը Հայաստանում։ Համալսարանն իհարկե ունի թանգարան, սակայն տարածքը շատ փոքր է, եւ տեղ չկա ամբողջ նյութերը այնտեղ տեղադրելու համար։

https://ishkhanutyun.am/hy/5861

Leave a Comment