Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք առաջնությունում իր սաներից լուրջ ակնկալիքներ ունի. գրում է «Արմենպրես»-ը։
«Սա մեր վերջին ուսումնամարզական հավաքն է, որը կավարտվի ու ապրիլի 16-ին կմեկնենք Բաթումի: Պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով, ինչպես որ նախորդ տարի էր: Ուսումնամարզական հավաքներն անցել ենք շատ նորմալ, չկան վնասվածքներ: Ամենակարևորն է, որ մարզիկները մրցաշարին մասնակցեն իրենց հնարավորությունների առավելագույնով: Մենք մեդալների շանսը երբեք բաց չենք թողնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանի կարծիքով` այժմ թիմում միասնական ոգի կա ու թիմը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայի առաջնությունից:
«Հույսերս շատ մեծ են, կարծում եմ հնարավոր կլինի լավագույնս մասնակցել ու մեդալ նվաճել: Մենք ամբողջ թիմում միմյանց կողքի ենք լինում, թե դժվար պահերին, թե նվաճումների ժամանակ: Լիահույս եմ, որ բոլորիս կհաջողվի մեդալ նվաճել»,-առանձնացրեց նա: