Հաճախ տրվող հարցեր․ Ի՞նչ պետք է իմանալ եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2026 թվականից եկամուտների տարեկան հայտարարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ ՀՀ բոլոր քաղաքացիները․ արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, ո՞ր եկամուտները պետք է հայտարարագրել, ի՞նչ է փոխվել համակարգում, ինչպե՞ս օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից։ Որպեսզի հայտարարագրման գործընթացը լինի առավել հեշտ և հասկանալի, մենք հավաքել ենք ամենահաճախ տրվող հարցերն ու պատասխանները մեկտեղում։

         Հայտարարագիր պե՞տք է ներկայացնեք, թե ոչ

  • Ովքե՞ր 2026 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
    2026 թվականին՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում ՀՀ ռեզիդենտ և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի են։ Բացառություն են միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։
  • Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր
    Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Բացառությամբ, երբ անչափահաս քաղաքացին հաշվետու տարվա ընթացքում ստացել է եկամուտ, օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ տրամադրելու կամ անկախ մասնագիտական գործունեություն իրականացնելու արդյունքում։ Այդ դեպքում՝ նրա փոխարեն եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում է ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն։
  • Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ
    Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող, բայց ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում աշխատել եք մի քանի ամիս
    Այո, նույնիսկ եթե հաշվետու տարվա ընթացքում աշխատել եք մի քանի օր կամ մեկ ամիս, ապա պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։ Ընդ որում, հայտարարագրում պետք է ներառել ամբողջ տարվա ընթացքում ստացած եկամուտները։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում
    Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի համարվող ֆիզիկական անձինք։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում
    Եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր պետք է ներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 3՝ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում
    Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե 2025 թվականի ընթացքում բնակվել և աշխատել եք Հայաստանում, բայց 2026 թվականին գտնվում եք արտերկրում
    Եթե 2025 թվականի ընթացքում բնակվել և աշխատել եք Հայաստանում ընդամենը մի քանի ամիս, բայց 2026 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 3՝ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։ Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին կարող է մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ և հանձնել հայտարարագիր, եթե ունի ակտիվացված բջջային էլեկտրոնային ստորագրություն (emID)։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում չեք ունեցել եկամուտ
    Այո, 2026 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի համարվող բոլոր ֆիզիկական անձինք, անգամ այն դեպքում, երբ հաշվետու տարվա ընթացքում չեք ստացել որևէ եկամուտ։ Հիշեցնենք, եթե մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմինն այն նախալրացնում է ինքնուրույն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, և եկամուտների տարեկան հայտարարագիրը համարվում է հանձնված։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է, իսկ հաջորդ տարիների դեպքում՝ յուրաքանչյուր տարվա մարտի 2-ից հուլիսի 1-ն է։
  • Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն
    Հայտարարագիր ներկայացնում են բոլոր ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները՝ անկախ անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հանգամանքից։ Սակայն հայտարարագրում որպես անհատ ձեռնարկատեր ստացված ձեռնարկատիրական եկամուտները չեն լրացվում և այս դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունը չի գործում։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե գտնվում եք խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ)
    Այո, եթե գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, բայց սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միայն այն դեպքում, եթե հաշվետու տարվա ընթացքում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ։
  • Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր
    Այո, կենսաթոշակառու համարվող քաղաքացիները ևս պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, ընդ որում կենսաթոշակը հայտարարագրում լրացվում է ինքնաշխատ։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, դրամաշնորհը կամ կրթաթոշակը, ավանդից ստացված տոկոսը և այլն
    Այո, 2026 թվականից հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ և հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացի համարվող բոլոր ֆիզիկական անձինք՝ անկախ հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամտի տեսակից և մեծությունից։
  • Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարագիր, եթե հաշվետու տարվա ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք այլ ֆիզիկական անձի
    Այո, եթե հաշվետու տարվա ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10% եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ներկայացվում է ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից)։
    Ո՞ր եկամուտները և որտե՞ղ պետք է լրացնել հայտարարագրում
  • Ե՞րբ և ինչպե՞ս պետք է լրացնել հայտարարագիրը
    2025 հաշվետու տարվա համար ներկայացվող հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Եթե նշված ժամկետում հայտարարագիր չեք ներկայացնում, ապա հարկային մարմնի կողմից, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացրած եկամուտների տարեկան հայտարարագիրը համարվում է հանձնված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Հիշեցնենք, եթե ցանկանում եք օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից, ապա էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիրը հաստատելը պարտադիր է։
  • Արդյոք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրել
    Այո, եթե ցանկանում եք օգտվել հաշվետու տարվա ընթացքում կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից, ապա հարկային մարմնի կողմից հայտարարագիրը նախալրացնելուց հետո անհրաժեշտ է մուտք գործել հայտարարագրման համակարգ և Ձեր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել եկամուտների տարեկան հայտարարագիրն ու հանձնել հարկային մարմին։
  • Արդյո՞ք հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ
    Նախքան եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելը պետք է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։
  • Արդյո՞ք հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՎՀՀ
    Այո, հայտարարագիր ներկայացնելու համար պարտադիր է ունենալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։ ՀՀ քաղաքացիները ՀՎՀՀ կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով՝ հենց հայտարարագրման համակարգի միջոցով։ Անհրաժեշտ է մուտք գործել «Անձնական տվյալներ» էջ, ապա, սեղմելով «Ստանալ ՀՎՀՀ» կոճակը, ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։
  • Եթե քաղաքացին նաև ԱՁ է և ունի ՀՎՀՀ, կարող է, արդյո՞ք, այդ ՀՎՀՀ-ն օգտագործել
    Այո, ֆիզիկական անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ տրամադրված ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման։ Հետևաբար, եթե Դուք ունեք կամ երբևէ ունեցել եք ՀՎՀՀ, ապա հայտարարագրման համակարգի Ձեր «Անձնական տվյալներ» էջում կցուցադրվի այդ ՀՎՀՀ-ն:
  • Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման
    Հայտարարագրում հայտարարագրում լրացվում են բոլոր եկամուտները, այդ թվում՝ չհարկվող եկամուտները։ Չհարկվող եկամուտները հայտարարագրում լրացնելիս՝ որևէ հարկային պարտավորություն չի առաջանում, օրինակ՝ Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ, ապա, այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են ծախսերը
    Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, եկամուտների տարեկան հայտարարագրում պետք է ներառեք միայն հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
  • Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է անշարժ և շարժական գույքը
    Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ․ եկամուտների տարեկան հայտարարագրում պետք է ներառեք միայն հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
  • Ո՞ր եկամուտներն են հայտարարագրում լրացվում ինքնաշխատ
    Եկամուտների տարեկան հայտարարագրում հարկային մարմնի տեղեկատվական բազայի հիման վրա ինքնաշխատ լրացվում են հետևյալ եկամուտները․

    – հարկային գործակալից աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտները (օրինակ՝ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ),
    – հարկային գործակալից ստացվող այլ եկամուտները (օրինակ՝ շահաբաժին [1.2.8], ռոյալթի, վարձավճար, գույքի օտարումից եկամուտներ, նվիրատվություն, մրցանակ և այլն),
    – հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուից (դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկներ, միջազգային կազմակերպություններ) աշխատանքային պայմանագրի, ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացվող եկամուտները,
    – նպաստները՝ 2-րդ բաժնի [2.1] տողում,
    – բոլոր տեսակի կենսաթոշակները` 2-րդ բաժնի [2.2] տողում,
    – պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումները` 2-րդ բաժնի [2.5] տողում,
    – hատուցման հիմնադրամից ստացվող հատուցումները՝ 2-րդ բաժնի [2.25] տողում,
    – սոցիալական պաշտպանության շրջանակում ստացվող պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները՝ 2-րդ բաժնի [2.6] տողում,
    – հաշվետու տարվա ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներից ստացած եկամուտները՝ 2-րդ բաժնի [2.21] տողում։

  • Արդյո՞ք կարող եք փոփոխել ինքնաշխատ լրացված տվյալները
    Այո, հնարավոր է։ Այս դեպքում կարող եք ընտրել «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» կոճակը։ Տեղեկատվությունը փոփոխելու դեպքում համակարգը Ձեզ կհիշեցնի, որ կատարված փոփոխությունը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ, և տվյալների փոփոխությունը չի հանգեցնում լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման։ 2-րդ բաժնում համակարգի կողմից նախալրացված տեղեկատվությունը  ևս ենթակա է խմբագրման և նախալրացված տվյալների հետ համաձայն չլինելու դեպքում՝ կարող եք խմբագրել համապատասխան դաշտերը։
  • Արդյո՞ք առաջին բաժնում լրացվող տվյալներն առաջացնում են լրացուցիչ հարկային պարտավորություններ
    Ոչ, հայտարարագրի 1-ին բաժնի՝ 1-ին և 2-րդ գլուխներում լրացվող եկամուտները չեն առաջացնում լրացուցիչ հարկային պարտավորություններ, այս դեպքում եկամտային հարկը հաշվարկում, պահում և պետական բյուջե վճարում է հարկային գործակալը (այդ թվում՝ գործատու հանդիսացող), և այդ եկամուտները ներառելով հայտարարագրում, Դուք լրացուցիչ հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել ընտանիքի անդամների միջև փոխանցումները 
    Ոչ, հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող չհարկվող որևէ տեսակի եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից: Օրինակ, եթե ընտանիքի անդամը Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին փոխանցել է անգամ 2 մլն դրամ, ապա այդ գումարները կարող եք չներառել հայտարարագրում։
  • Ո՞ր եկամուտները կարող եք չներառել հայտարարագրում
    2025 թվականի և հետագա հաշվետու տարիների համար հայտարարագրում կարող եք չներառել նվազեցվող (չհարկվող) եկամուտների հետևյալ տեսակները՝
    – հաշվետու տարվա ընթացքում ստացված վարկերը,
    – կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ստացված եկամուտները,
    – գործուղման ծախսերի փոխհատուցումները,
    – ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթներում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները,
    – գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովագրավճարները,
    – գովազդային վիճակախաղերում ստացված մինչև 50 հազար դրամ դրամական և իրային մրցանակները,
    – մրցույթներում ստացված մինչև 50 հազար դրամ դրամական և իրային շահումները,
    – պետական պարգևները (մրցանակները),
    – զինծառայողներին և նրանց հավա­սա­րեցված անձանց համար կատարվող աշխատանքները, նրանց մատուցվող ծառայությունները կամ բնամթերային եկամուտները, ինչպես նաև պար­տա­­դիր ժամկետային զինծառայողների (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտ­ների) ստացվող դրամական ապահովությունը,
    – դոնորության համար ստացվող եկա­մուտ­­ները և այլն։
  • Հայտարարագրում լրացվող ո՞ր եկամուտներին է վերաբերում մեկ միլիոն դրամի շեմը
    Մինչև մեկ միլիոն դրամը ներառյալ շեմը վերաբերում է ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացված գույքին և դրամական միջոցներին, անհատույց ստացված միջոցներին, փոխառություններին, գույքի օտարումից ստացվող եկամուտներին (բացառությամբ՝ հողամասի), աշխատողի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնությանը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) հարկային գործակալին օտարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներին։
  • Մեկ միլիոն դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին
    Մեկ միլիոն դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին:
  • Եթե գործարքի գումարը գերազանցում է մեկ միլիոն դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը
    Ընտանիքի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձից ստացված չհարկվող եկամուտների դեպքում մինչև մեկ միլիոն դրամը ներառյալ սահմանված շեմը գերազանցելու պարագայում եկամուտները հայտարարագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն, եթե միանվագ ստացել եք 1 մլն 400 հազար դրամ գումար, ապա պետք է հայտարարագրեք այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 400 հազար դրամը։
  • Առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում, արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում
    Եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել եք առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և անկանխիկ եղանակով Ձեզ վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն այլ քաղաքացու կողմից փոխանցած գումարները
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ընտանիքի անդամ չհանդիսացող անձից որպես նվիրատվություն կանխիկ եղանակով կամ Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին միանվագ փոխանցմամբ ստացել եք գումար, որը չի գերազանցում մեկ միլիոն դրամը կամ հենց մեկ միլիոն դրամ է, ապա նշված եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարագրում ներառելը պարտադիր չէ և տվյալները կարող եք ներառել բացառապես Ձեր ցանկությամբ։ Իսկ այն դեպքում, երբ միանվագ փոխանցումը գերազանցում է մեկ միլիոն դրամը, ապա տվյալ տարում նվիրատվությամբ ստացված եկամուտների հանրագումարը պետք է լրացնեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.10] տողում։ Հիշեցնենք, որ նվիրատվությամբ ֆիզիկական անձանցից ստացված դրամական միջոցները համարվում են չհարկվող եկամուտներ՝ անկախ դրանց չափից։ Ի դեպ, եթե տարվա ընթացքում ֆիզիկական անձանցից ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացել եք և՛ դրամական միջոցներ, և՛ գույք, ապա հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.10] տողում պետք է լրացնեք դրանց հանրագումարը։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել այլ քաղաքացուց նվիրատվությամբ ստացված անշարժ և շարժական գույքը
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ընտանիքի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձանցից ժառագությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացել եք անշարժ և (կամ) շարժական գույք, որի արժեքը գերազանցում է մեկ միլիոն դրամը, ապա այդ տեղեկատվությունը պետք է  ներառեք հայտարարագրում՝ գույքի շուկայական գինը լրացնելով հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.10] տողում։ Հիշեցնենք, որ նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը համարվում է չհարկվող եկամուտ՝ անկախ չափից, բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքի։
  • Եթե հաշվետու տարվա ընթացքում այլ քաղաքացու վաճառել եք գույք, արդյո՞ք այդ եկամուտները պետք է հայտարարագրել
    Եթե հաշվետու տարվա ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք գույք (բնակարան, ավտոմեքենա, կահույք և այլն) և վաճառքից միանվագ ստացել եք մեկ միլիոն դրամից ավելի գումար, ապա այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Գույքի օտարումից ստացվող եկամուտներ» [2.12] տողում։ Բացառություն են հողամասի վաճառքից ստացվող եկամուտները, որոնք պետք է հայտարարագրել անկախ գումարի չափից։ Կարևոր է հիշել, որ դրանք համարվում են չհարկվող եկամուտներ՝ հայտարարագրելով որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել բանկային ավանդից ստացված տոկոսի գումարները
    Եթե ունեք ՀՀ-ում բանկում ներդրված ավանդ և հաշվետու տարվա ընթացքում բանկային ավանդի տոկոսներից ստացել եք եկամուտ (անկախ ստացված տոկոսի գումարի չափից), ապա հայտարարագրում պետք է լրացնեք ոչ թե ներդրված ավանդի ամբողջ գումարը, այլ միայն հաշվետու տարվա ընթացքում ստացված տոկոսը։ Հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխում անհրաժեշտ է ավելացնել հարկային գործակալ՝ մուտքագրելով ֆինանսական կազմակերպության անվանումը և եկամտի տեսակից ընտրել «Ավանդի տոկոս», ապա [1.2.3] սյունակում լրացնել ստացված տոկոսի (ներառյալ հարկի գումարը) չափը, որից հետո համակարգն ինքնաշխատ կհաշվարկի եկամտային հարկը և այդ տվյալները կարտացոլվեն [1.2.6] տողում։ Այս դեպքում եկամտային հարկը հաշվարկում, պահում և պետական բյուջե վճարում է հարկային գործակալը, այդ տվյալը հայտարարագրում ներառելով, Դուք լրացուցիչ հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել սեփական հաշիվների միջև փոխանցումները
    Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։
  • Եթե վճարային տերմինալից կամ բանկում Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք կանխիկ գումար, արդյո՞ք այդ տվյալները պետք է ներառել հայտարարագրում
    Ոչ, եթե Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ինչպես նաև Ձեր հաշվեհամարին կամ քարտին բանկում մուտք եք արել կանխիկ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառել հայտարարագրում։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել բարեգործական ծրագրերի շրջանակում ստացած եկամուտները
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ոչ առևտրային կազմակերպություններից, պետությունից (այդ թվում՝ օտարերկրյա պետությունից), համայնքից անհատույց ստացել եք ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ կամ Ձեզ համար (օգտին) կատարվել են վճարումներ, ապա այդ եկամուտները պետք է ներառել հայտարարագրում միայն այն դեպքում, երբ միանվագ ստացված գումարը գերազանցում է մեկ միլիոն դրամը։ Այդ եկամուտները համարվում են չհարկվող (նվազեցվող) եկամուտներ և հաշվետու տարվա ընթացքում ստացված ամբողջ գումարի չափով լրացվում են հայտարարագրի [2.11]՝ «Անհատույց ստացվող եկամուտներ» տողում։ Հիշեցնենք, որ այդ եկամուտները հայտարարագրելով որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարվա ընթացքում փոխառությամբ (պարտքով) ստացված գումարները
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ընտանիքի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձից միանվագ ստացել եք մեկ միլիոն դրամից ավելի փոխառություն, ապա այդ գումարը պետք է ներառեք հայտարարագրի 2-րդ բաժնում՝ [2.15] տողում։ Կարևոր է հիշել, անգամ այն դեպքում, երբ փոխառությունն ստացել և վերադարձրել եք նույն տարում, միևնույն է, այն պետք է ներառել հայտարարագրում։
  • Եթե որևէ մեկին  փոխառությամբ (պարտքով) գումար եք տվել, արդյո՞ք Ձեզ վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման
    Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։
  • Արդյո՞ք հաշվետու տարվա ընթացքում ստացված վարկերը ենթակա են հայտարարագրման
    Ոչ, հաշվետու տարվա ընթացքում ստացված բոլոր տեսակի վարկերը հայտարարագրման ենթակա չեն։
  • Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման
    Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման, քանի որ խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել ապահովագրական հատուցումները
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ստացել եք ապահովագրական հատուցում, օրինակ՝ ավտոտրանսպորտային պատահարի դեպքում, ապա այդ եկամուտները՝ անկախ գումարի չափից, պետք է լրացնեք հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.3] տողում։ Կարևոր է հիշել, որ դրանք համարվում են չհարկվող եկամուտներ, դրանք հայտարարագրելով որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Արյո՞ք պետք է հայտարարագրել տարվա ընթացքում ստացված կրթաթոշակները
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ստացել եք կրթաթոշակ՝ պետությունից, ուսումնական հաստատություններից, ոչ առևտրային կազմակերպություններից, միջազգային կառուցներից, ապա այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի «Կրթաթոշակներ» [2.13] տողում։
  • Եթե հաշվետու տարվա ընթացքում ծառայության դիմաց արտերկրից ստացել եք եկամուտ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ եկամուտները
    Այո, եթե հաշվետու տարվա ընթացքում օտարերկրյա պետությունից ծառայության մատուցման դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է լրացնել հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.5]՝ «Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) դիմաց եկամուտ» տողում, իսկ այդ եկամտից հաշվարկված եկամտային հարկի գումարը պետք է լրացնել [3.3]՝ «Եկամտային հարկ» սյունակում։ Հիշեցնենք, որ այդ եկամուտները ենթակա են եկամտային հարկով հարկման 20% դրույքաչափով։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել արտերկրից ստացված աշխատավարձը
    Եթե հաշվետու տարվա ընթացքում օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպության հետ կնքված աշխատանքային պայմանագրի շրջանակում ստացել եք եկամուտներ, ապա դրանք պետք է հայտարարագրել՝ լրացնելով հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.4]՝ «Աշխատանքային պայմանագրի շրջանակներում եկամուտ» տողում, իսկ այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարը պետք է լրացնել [3.3]՝ «Եկամտային հարկ» սյունակում։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները
    Եթե հաշվետու տարվա ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.10]`«Վարձավճար» տողում պետք է ներառեք տարվա ընթացքում ստացված վարձավճարների հանրագումարը, իսկ 10% եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Իսկ այն դեպքում, երբ տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա 60 մլն դրամը գերազանցող գումարը պետք է լրացնել նույն բաժնի [3.11]՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» տողում, որից լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Օրինակ, եթե Դուք հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վարձակալության եք հանձնել երկու կամ ավելի բնակարան, որոնց տարեկան վարձավճարի հանրագումարը կազմել է 70 մլն դրամ, ապա [3.10]՝ «Վարձավճար» տողում լրացնում եք 70 մլն դրամը, իսկ [3.11]՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» տողում լրացնում եք 10 մլն դրամը (70 մլն-60 մլն=10 մլն)։ Երկու տողերում էլ պետական բյուջե վճարման ենթական եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Մեկ այլ օրինակով, ենթադրենք՝ մի քանի անշարժ գույք վարձակալության եք հանձնել հարկային գործակալ հանդիսացող իրավաբանական անձանց և տարվա ընթացքում ստացած բոլոր վարձավճարների հանրագումարը գերազանցել է 60 մլն դրամը և կազմել 80 մլն դրամ, ապա այս դեպքում  80 մլն դրամի նկատմամբ 10% դրույքաչափով եկամտային հարկը հաշվարկում և պետական բյուջե է վճարում այդ իրավաբանական անձինք՝ որպես հարկային գործակալներ, որի մասին տվյալները կարտացոլվեն Ձեր հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1․2.7]՝ «Վարձավճար» տողում, իսկ 60 միլիոն դրամը գերազանցող մասի՝ 20 մլն դրամի (80 մլն-60 մլն=20 մլն) նկատմամբ լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը Դուք պետք է հաշվարկեք ինքնուրույն՝ այն լրացնելով հայտարարագրի 3-րդ բաժնի [3.11]՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» տողում։
  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել արժեթղթերից ստացվող չհարկվող եկամուտները
    Այո, եթե հաշվետու տարվա ընթացքում պարտքային արժեթղթից, բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացել եք եկամուտները, որոնք ենթակա չեն հարկման, ապա այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ բաժնի «Արժեթղթերից եկամուտներ» [2.24] տողում։ Կարևոր է իմանալ, որ եկամուտը հարկման ենթակա կլինի, եթե կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրել եք շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք եք բերել մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս), որը վաճառել եք նույն կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում։ Այդ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրի 3-րդ՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի [3.15] տողում, իսկ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։
  • Արդյո՞ք շահումներից, մրցույթներից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում
    Եթե հաշվետու տարվա ընթացքում ստացել եք գովազդային վիճակախաղերի իրային և դրամական շահումներ կամ մրցույթների դրամական ու իրային մրցանակներ, և դրանցից յուրաքանչյուրի արժեքը չի գերազանցում 50 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրման ենթակա չեն։ Հայտարարագրման ենթակա են միայն հետևյալ դեպքերում, եթե․

    – գովազդային վիճակախաղի դրամական և իրային շահումը գերազանցում է 50 հազար դրամը, ապա գերազանցող մասի 20% դրուքաչափով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը, իսկ տվյալներն ինքնաշխատ լրացվում են հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1.2.12] տողում։
    – մրցույթում ստացված դրամական մրցանակը գերազանցում է 50 հազար դրամը, ապա գերազանցող մասի 20% դրուքաչափով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը, իսկ տվյալներն ինքնաշխատ լրացվում են հայտարարագրի 1-ին բաժնի 2-րդ գլխի [1.2.13] տողում,
    – մրցույթում ստացված իրային մրցանակը գերազանցում է 50 հազար դրամը, ապա գերազանցող մասի համար 20% դրուքաչափով եկամտային հարկը հաշվարկում է ֆիզիկական անձը և այն լրացնում հայտարարագրի 3-րդ բաժնի [3.16] տողում։

  • Արդյո՞ք պետք է հայտարարագրել գյուղմթերքի վաճառքից ստացված եկամուտները
    Այո, եթե հաշվետու տարվա ընթացքում որպես գյուղատնտեսական արտադրանք արտադրող գյուղատնտեսական արտադրանքի  վաճառքից ստացել եք եկամուտ, ապա դրանք ևս պետք է ներառեք հայտարարագրում։ Տվյալները պետք է լրացնել հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտներ բաժնի [2.23]՝ «Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումից (իրացումից) ստացվող եկամուտներ» տողում։  Ընդ որում, այս եկամուտները հարկման ենթակա չեն և հայտարարագրում լրացնելով հարկային պարտավորություն չեք ունենա։
  • Ի՞նչ անել, եթե ունեք եկամուտներ, որոնք անհրաժեշտ է լրացնել նույն տողում
    Եթե տարվա ընթացքում ստացել եք տարբեր եկամուտներ, որոնք անհրաժեշտ է ներառել հայտարարագրի նույն տողում, ապա այս դեպքում պետք է լրացնել այդ բոլոր եկամուտների հանրագումարը։ Օրինակ, եթե հաշվետու տարվա ընթացքում ունեցել եք Ձեր հաշվեհամարին ընտանիքի անդամ չհադիսացող ֆիզիկական անձից որպես նվիրատվություն փոխանցված գումարներ, որոնց ընդհանուր թիվը կազմել է 2 մլն դրամ, ինչպես նաև նույն տարվա մեջ ունեցել եք նվիրատվությամբ ստացած գույք, որի արժեքը կազմել է 7 մլն դրամ, ապա հայտարարագրի 2-րդ՝ նվազեցվող (չհարկվող) բաժնի [2.10] տողում պետք է լրացնեք այդ բոլորի հանրագումարը, այսինքն՝ 9 մլն դրամ։

    Ինչպե՞ս օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

  • Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից
    Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, եկամտային հարկ վճարող և հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսն անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Սոցիալական ծախսը համարվում է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից անմիջականորեն կատարված, եթե վճարումը հիմնավորող փաստաթղթով որպես վճարող հանդիսանում է հայտարարատու ֆիզիկական անձը։
  • Ո՞ր դեպքում է տրամադրվում սոցիալական ծախսի փոխհատուցում
    Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե ներկայացրել եք հայտարարագիր և հաշվետու տարվա ընթացքում կրթության և/կամ առողջապահության գծով կատարել եք սոցիալական ծախսեր։

    Կրթական ծախսերը փոխհատուցվում են, եթե կատարել եք վճարում․
    – ուսման համար Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար (15.02.2025 թվականից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով),
    – ուսման համար Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարար­վեստի դպրոցների, արտադպրոցական կազ­մակերպությունների, կենտ­րոն­­ների, մանկապա­տա­նե­կան մարզա­դպրոց­ների և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշ­խա­վորված այլ արտադպրոցական ծրագրերի համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով),
    – ուսման համար ԿԳՄՍ նախարարության կողմից երաշ­խա­վորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերով տրա­մա­դր­վող կրթական ծառայությունների համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով),
    – 5-ից 12-րդ դասարանների դասա­գրքերի վարձակալության համար․ փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամ է։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

    Առողջապահական ծախսերը փոխհատուցվում են, եթե կատարել եք վճարում․
    – Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար (15.02.2025 թվականից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով),
    – Հայաստանում գործող լիցենզավորված ատամ­նա­բու­ժա­­կան ծառայություն մատուցողից 2024 և 2025 թվականներին ատամնաբուժական ծառայության ձեռքբերման համար (վճարումները պետք է կատարված լինեն կամ կատարվեն անկանխիկ եղանակով)։

  • Ինչպե՞ս կարող եք պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը
    Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է, թե՝ ոչ, այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին (ցանկը պարբերաբար թարմացվում է)։ Կարևոր է իմանալ, որ հաշվետու տարիների ընթացքում կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե կրթական ծրագրերը երաշխավորված լինեն հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ:
  • Որքա՞ն է փոխհատուցման գումարի չափը
    Կրթության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է, իսկ առողջապահության գծով՝ 50 000 դրամ։ Բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի համար փոխհատուցվում է առավելագույնը 100 000 դրամ։ Կարևոր է իմանալ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը չի կարող լինել տարեկան 100 000 դրամից ավելի։  Օրինակ, եթե Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի կրթության համար տարեկան ծախսել եք 70 000 դրամ, իսկ առողջապահության համար՝ 60 000 դրամ, ծախսերի հանրագումարը՝ 130 000 դրամ, այս դեպքում փոխհատուցում կստանաք 100 000 դրամի չափով, քանի որ փոխհատուցման առավելագույն տարեկան չափը 100 000 դրամ է:
  • Արդյո՞ք փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ
    Փոխհատուցումից օգտվելու համար կրթության կամ առողջապահության մասով սոցիալական ծախսերի վճարումները պետք է կատարել բացառապես անկանխիկ եղանակով: Բացառություն են դասա­գրքերի վարձակալության համար կատարված վճարումները, որոնց դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Կարևոր է իմանալ, որ  նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի և առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերելու համար մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը կատարված վճարումները կփոխհատուցվեն նաև այն դեպքում, եթե դրանք կատարվել են կանխիկ եղանակով։ Մյուս բոլոր դեպքերում սոցիալական ծախսերի համար վճարումները կփոխհատուցվեն միայն անկանխիկ լինելու դեպքում։
  • Ինչպե՞ս կարող եք օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից
    Փոխհատուցումից օգտվելու անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը․

    Քայլ առաջին՝ պահանջել հաշվարկային փաստաթուղթ
    Ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժարանից, կրթական հաստատություններից և կրթական ծառայություններ մատուցողներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ Կարևոր է իմանալ, որ հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելուց հետո այն որևէ տեղ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալներն ավտոմատ կարտացոլվեն ՊԵԿ համակարգում։

    Քայլ երկրորդ՝ ներկայացնել դիմում և ստանալ գումարը
    Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն համակարգի միջոցով, որով հանձնել եք տարեկան հայտարարագիրը, պետք է ներկայացնեք դիմում՝ հետևելով ուղեցույցում ներկայացվող քայլերին, այնուհետև ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները։

  • Դիմումը ներկայացնելուց հետո ի՞նչ ժամկետում կվերադարձվի սոցիալական ծախսի գումարը
    Սոցիալական ծախսի գումարը Ձեր հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո՝ մինչև երրորդ աշխատանքային օրը։
  • Ո՞ր դեպքերում է հիմնականում մերժվում սոցիալական ծախսի փոխհատուցման դիմումը
    Սոցիալական ծախսերի փոխհատուցման դիմումների մերժման ամենատարածված պատճառն այն է, որ հայտարարատու ֆիզիկական անձինք միասնական հաշվից գումարների վերադարձի դիմումը ներկայացնում են, առանց հաշվի առնելու, որ հարկային մարմին ուղարկված հայտարարագրում ներառված չի եղել սոցիալական ծախսի գումարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Հետևաբար, նախքան միասնական հաշվից գումարների վերադարձի դիմումը ներկայացնելը, հայտարարարգիր ներկայացնելիս պետք է համոզված լինեք, որ ծառայություն մատուցող կազմակերպության կողմից դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթը, և սոցիալական ծախսի գումարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն արդեն արտացոլված է հայտարարագրի 4-րդ՝ սոցիալական ծախսեր բաժնում։ Այնուամենայնիվ, եթե արդեն ներկայացրել եք հայտարարգիրը և ստացել դիմումի մերժման նմանատիպ պարզաբանում, ապա անհրաժեշտ է նույն համակարգի միջոցով ներկայացնել ճշտված հայտարարագիր, այսինքն կրկին լրացնել հայտարարագիր՝ (համակարգը Ձեզ կհիշեցնի արդեն ներկայացրած հայտարարագրի մասին, որի մասին պետք է տալ համաձայնություն) Ձեր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված, որում կներառվի կատարված սոցիալական ծախսի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Այնուհետև նույն համակարգի միջոցով պետք է ներկայացնել միասնական հաշվից գումարների վերադարձի նոր դիմում։
    Սոցիալական ծախսի փոխհատուցման դիմումի մերժման մեկ այլ տարածված պատճառ է, որ դիմում ներկայացնելիս քաղաքացիները չեն սեղմում «Հարկերի մարում/վերադարձ» կոճակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցումը մինչև հաշվարկի վերջնաժամկետը ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմումը լրացնելիս կամ համապատասխան բաժնում պարտադիր ակտիվացնել (սեղմել) այդ կոճակը։
  • Արդյո՞ք կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե վճարումը կատարել է հայտարարատու չհանդիսացող անձը, սակայն հայտարարատուի միջոցների հաշվին
    2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից հայտարարատու ֆիզիկական անձը կարող է օգտվել նաև այն դեպքում,  երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կող­մից, սակայն իր միջոցներով, ինչը պետք է հիմնավորել համապա­տաս­խան փաստաթղթերով՝ վճարումը հիմնավորող փաս­տաթղթով, կամ վճար­ման հանձնարարականով (որտեղ պետք է նշված լինի վճարումը տվյալ ֆիզի­կական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ), կամ ֆիզիկական անձի (անձանց) համապատասխան հաս­տատմամբ (հայտարարությունով)։ Իսկ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզի­կական անձի կողմից, այսինքն, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատուն։ Բացառություն են կազմում դասագրքե­րի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կա­տարված ծախսերը։
  • Ե՞րբ կարող է ծառայություն մատուցողը դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ
    Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում, մասնավորապես՝ ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին։ Հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելուց հետո այն որևէ տեղ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալները հենց նույն օրն ավտոմատ արտացոլվում են ՊԵԿ համակարգում։ Ընդ որում, հաշվարկային փաստաթուղթը կարող է դուրս գրվել նաև ծառայության մատուցումն ավարտվելուց հետո, բայց ոչ ուշ, քան ծառայության մատուցման օրը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո։
  • Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2025 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ
    Եթե 2025 թվականի ընթացքում կատարել եք սոցիալական ծախս, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք ծառայություն մատուցողից պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ։ Ծառայություն մատուցողը պարտավոր է դուրս գրել փաստաթուղթը, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2025 թվականի ընթացքում։
  • Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր և կատարել եք սոցիալական ծախս, բայց չեք օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող եք 2026 թվականին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում
    Այո, եթե 2024 թվականի համար ունեցել եք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն և 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիրը, ապա 2024 թվականի համար ծառայություն մատուցողից կարող եք պահանջել դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնել 2025 թվականի համար ճշտված հայտարարագիր և ստանալ փոխհատուցում։
  • Կարող եք արդյո՞ք ստանալ փոխհատուցում, եթե  դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարումներ
    Այո, դասագրքերի վարձակալության նպատակով հաշվետու տարվա ընթացքում կատարված սոցիալական ծախսերի մասով կարող եք ստանալ փոխհատուցում։ Ընդ որում, այս դեպքում վճարում կատար­ված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում, չկա նաև սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհրաժեշտություն, քանի որ հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղեկատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
  • Նույն անձի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայատարարագիր ներկայացնող ընտանիքի մի քանի անդամ
    Սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելը յուրաքանչյուր հայտարարատուի իրավունքն է․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Եթե անձի ուսումնական տարվա համար վճարել է և՛ մայրը, և՛ հայրը, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է օգտվել փոխհատուցումից՝ մինչև 100 000 դրամի չափով՝ իր կողմից կատարված ծախսի համար։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։
  • Արդյո՞ք կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե վճարում եք կատարել ուսման համար երկու տարբեր հաստատությունում
    Եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100 000 դրամը։
  • Արդյո՞ք կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե համայնքային ենթակայության մանկապարտեզի կամ համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (օրինակ՝ երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցների և այլն) ծառայությունների համար վճարել եք տեղական վճար՝ համայնքային բյուջե
    Այո, եթե հաշվետու տարվա ընթացքում համայնքային ենթակայության մանկապարտեզի կամ համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունների դիմաց վճարել եք տեղական վճար, ապա կարող եք վճարված տեղական վճարի մասով օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի համայնքային ենթակայությամբ մանկապարտեզը կամ արտադպրոցական դաստիարակության հաստատությունը համայնքի անունից դուրս գրի սոցիալական ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ՝ վճարված տեղական վճարի չափով։
  • Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, սակայն այդ ծախսերի համար աշխատողից ստացել է հատուցում, հայտարարատու հանդիսացող աշխատողը կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից
    Այո, եթե առողջության ապահովագրական փաթեթը աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի համար ձեռք է բերել գործատուն, այսինքն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն, սակայն ապահովագրավճարի գծով կատարված ծախսի դիմաց աշխատողից ստացել է հատուցում, ապա հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով, կարող է օգտվել փոխհատուցումից: Այս դեպքում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ապահովագրական ընկերութ­յունն ապահովադիր անձի՝ գործատուի անունով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում, որպես սոցիալական ծախս կատարող, նշում է հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները։
  • Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե վճարել եք որևէ բժշկական հետազոտության համար
    Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության  և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության մասով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե հաշվետու տարվա ընթացքում Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ 2024 և 2025 թվականներին օգտվել եք ատամնաբուժական ծառայություններից։
  • Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք Ձեր ընտանիքի անդամի համար ստանալ փոխհատուցում, եթե նա օտարերկրյա քաղաքացի է
    Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր ընտանիքի անդամը, օրինակ՝ երեխան, ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։
  • Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում
    Եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար  հաշվարկված և/կամ վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն։ Օրինակ, եթե Ձեր տարեկան եկամտային հարկը կազմել է 800 000 դրամ և տարվա ընթացքում հիփոթեքային վարկի մասով Ձեզ վերադարձվել է 650 000 դրամ եկամտային հարկ, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, քանի որ գումարների տարբերությունը դրական է և մնացորդը կազմում է 150 000 դրամ։
  • Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր
    Ոչ, միայն անշարժ գույքի վարձակալության հանձնելու համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելը սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվելու հիմք չէ։ Այս դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե միաժամանակ հանդիսանում եք հայտարարատու, այսինքն՝ ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք։
  • Leave a Comment