Ժողովուրդն ասում է՝ «Տունը վառվում է, հրշեջը կրակի վրա պապիրոս է վառում»։ Երբ նայում ենք, թե ինչ է քննարկում այսօր ժողովուրդը, և ինչ է քննարկում իշխանավորը, հասկանում ենք, որ այս ասացվածքը հենց մեր իրականության մասին է։ Երեկ ակտիվորեն քննարկվում էր երկու շատ ուշագրավ թեմա, որոնց միացնելով՝ ամենաշատն է երևում այսօրվա խորը անջրպետը իշխանության ու հասարակ ժողովրդի մեջ։ Հասարակ ժողովուրդ բառն ընդգծում եմ, որովհետւև Նիկոլը հաճախ է ասում՝ իրեն հասարակ ժողովուրդն է ընտրում, ոչ թե էլիտան, ու այդ հասարակ ժողովրդի անունը էս վերջում դրեց կարտոշկա ուտող։
Ի՞նչ է քննարկում ժողովուրդը․ երեկ թոշակառուն ստացավ 10 հազար դրամով բարձրացած թոշակը։ Ասում է՝ ուրախացել էի, որ տավարի միս կառնեմ վերջապես երկու կիլո, բայց ընդամենը մի քանի օրում մսի գինն աճել է 700-1000 դրամով․ կաթնամթերքը ևս թանկացել է, հացաբուլկեղենը թանկացել է, միրգ-բանջարեղենը թանկացել է։ Մի ամիս առաջ պապոյանենք ոգևորվել էին, թե՝ Ադրբեջանից բենզին են բերել, էժանացել է, և ուրեմն՝ բենզինն էլի թանկացել-հասել է 500 դրամի։ Այո, թոշակառուն ավտո էլ է քշում։ Եվ ուրեմն իր ստացած բարձր թոշակը էլ չկա՝ գնաճի պատճառով։ Մեկ այլ թոշակառու ասում է՝ 2005 թվականին 14 հազար 500 դրամ թոշակ եմ ստացել, բայց ավելի լավ էի ապրում․ որովհետև գնում էր խանութ ու վստահ էր, որ ապրանքի գինը երեկվա, մի ամիս առաջվա ու 2 տարի առաջվա գնի հետ խոսում է։ Մարտին ստացել է թոշակ ու կոպեկ-կոպեկ հաշվել է, որ ծայրը ծայրին հասցնի, ապրիլին ստացել է 10 հազար դրամով բարձր թոշակ ու էլի կոպեկները հաշվել է։
Իսկ ո՞րն էր իշխանավորների քննարկման թեման։ Արտաքին գործերի նախարար աշխատող Արարատ Միրզոյանի դղյակն են հրապարակել։ Միրզոյանը շատ տիպիկ խորհրդանիշ է հարստացող պաշտոնյայի․ անգամ ապառիկով հեռուստացույց չէին տալիս, իսկ իշխանության գալուց մի քանի տարի անց դղյակ ունի։ Իրեն բերած քաղաքացին էլի բոբիկ է, ինքը դղյակ է հետ գցել։ Ու արդարանում է, թե բա՝ հայտարարագրում կա տունը, վարկով է, թալանված չէ, ապօրինի չէ, էս չէ, էն չէ։ Ու որ ամենախնդալուն է՝ վերջում է ավելացնում է՝ «Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան, ժողովրդավար»։ Հայաստանի ինքնիշխանությունը ի՞նչ կապ ուներ քո դղյակի հետ։ Ռազ որ հասցրիր բանը ինքնիշխանությանը, հարցնեմ՝ պարոն բանակցող, բա էն օկուպացված 200 քառակուսի կիլոմետրը ե՞րբ ես հետ բերելու, որ վերականգնես ՀՀ ինքնիշխանությունը։ Ու ընդհանրապես, ինքնիշխանությունից խոսացող Արարատ Միրզոյանին ահազանգեմ՝ գնա պասպորտ սեղան ու տե կանգնի անվանը․ ծննդականում Արարատ է նշված, հեսա ստիպելու են փոխի։ Ինքնիշխանը։
Արարատ Միրզոյանը թող 15 հատ դղյակ առնի, ամեն սենյակի բոլոր պատերից ու առաստաղից էլ լայնէկրան հեռուստացույց կախի՝ ապառիկով չտված հեռուստացույցի մուռը հանելու համար․ քանի հատ դղյակ ուզում եք՝ առեք, դա իմ խնդիրը չէ․ բայց մի ճշտող հարց՝ դրա համար էի՞ք հավաքվել 2018-ին, որ դղյակ հետ գցեի՞ք։ Նրա համար էր հեղափոխությունը, որ մի դղյակատերը փոխվի նոր դղյակատերով ու դուք ասեք՝ նրանցը հայտարարագրով չէր, մերը փաստաթղթով է՞։ Ժողովրդին ի՞նչ՝ փաստաթղթով է, թե չէ, մեկ է՝ ժողովրդի փողերով է։
Ձեզ չէին բերել, որ դղյակ սարքեք ու մունաթ գաք, 5 հազար զոհ տաք ու մունաթ գաք, երկիրը հանձնեք ու մունաթ գաք, աղքատությունը խորացնեք ու մունաթ գաք։ ժողովուրդը հաշվում է, թե 10 հազար դրամով քանի՞ օր կարող է հացի մասին չմտածել, իշխանավորը հաշվում է, թե իր նոր դղյակի համար քանի միլիոն վերցնի պետբյուջեի «պարգևավճարային» ֆոնդից»։ Ասում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, նրանք իմ պատի հետ են կարվել։ Իսկ էդ քաղաքացու հետ որ շփվում եք, ասում ե՞ք, որ իրեն հիմարացնելով դարձաք դղյակատեր։
Ընդհանրապես, ի՞նչ երեսով եք հանդիպման գնում․ եթե 2018, 2021 թվականների խոստումների մեջ գրեիք, որ գալու եք դղյակ շինեք, այո, այսօր կարող էիք դուխով գնալ, բացճակատ կանգնել ու ասել՝ մեր խոստումը կատարել ենք, Միրզոյանը դղյակ ունի, Կոնջորյան-Պապիկյան-Ալեն-Ավինյան-Սանոսյան-բան դղյակ ունենն, ով էլ դղյակ չունի ՔՊ-ից, այնուամենայնիվ մի քանի անշարժ գույք է ձեռք բերել, մի հատ էլ ընտրեք, որ իրենց տներն էլ դառնան դղյակ։ Ժողովուրդը ոսկե ձկնիկն է, որ ՔՊ-ի խրճիթը սարքել է պալատ։ Ամեն օր մամուլը հրապարակում է սրանց տեսչությունների, կառավարությանն առընթեր տարբեր մարմինների ղեկավար-տեղակալների ունեցվածքը՝ քաղաքաշինության ինչ-որ մարմին եղկավար՝ 9 անշարժ գույք, կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնյաներ՝ 3 անշարժ գույք, 4 անշարժ գույք, տեսչության ղեկավարի տեղակալ՝ 4 անշարժ- գույք, փոխմարզպետ՝ 8 հողամաս։
Ու ասում են՝ ժողովուրդ ջան, ուրախացի, նախկինում ինչ-որ պաշտոնյա 20 տարում դղյակ ա ձեռք բերել, իսկ մենք՝ Քպ-ականներս, կարողացել ենք դա անել 7-8 տարում։ Բայց նրանցը թալան է, մերը թալան չէ։ Էդ ինչի՞ հավատանք։ Ժողովուրդը կարող է, չէ՞, հարցնել՝ 8 մլրդ դոլարով ավելացրել եք պարտքը, ի՞նչ եք սարքել, բացի ձեր դղյակներից։ Պարտք կա, ուրիշ արդյունք չկա։ Քոչարյանի ժամանակ 2-300 մլն դոլար մտավ Հայաստան, էլ էստակադաներ, գյուղեր, քաղաքներ, աղետի գոտի, կամուրջ, թունել, Արցախ, էն որ մի ստորագրությամբ նվիրեցին։ 8 մլրդ դոլար պարտք եք կուտակել, ի՞նչ եք արել։ Ասում եք՝ թալան չենք արել․ էդ ինչի՞ պետք է հավատանք, հակակոռուպցիոնն է ստուգե՞լ։ Պատկերացնում է՞ ժողովուրդը՝ որ իշխանությունը փոխվեց՝ ինչ հաշիվներ են բացահայտվելու, ինչ դղյակներ, ուրիշների անուններով։ դա էլ չեք կարող լղոզել նախկիններով։ Մենք էս 8 տարվա մեջ մի հատ լուրջ վճիռ չենք տեսել, միլիարդների վերադարձ չենք տեսել։ Ինչ գործ տեսել ենք, դատարաններում վիճարկում են ու պարտվում եք։ Նախկինների կոռուպցիայից խոսողները եկան, որ ցույց տան, թե ոնց կարելի է «օրինական» ճանապարհով մի ամբողջ երկիր թալանել, հարստանալ պետբյուջեով։
Կարճ ասած՝ սրանք ասացին՝ գալիս ենք որպես փրկիչ, բայց դարձան ժողովրդին ամենաթանկ արժեցող անկոչ հյուրերը: Եվ այդ հյուրասիրության հաշիվը Հայաստանը փակում է իր տարածքներով, իր զավակներով, Արցախով, խորացող ճգնաժամերով։ Խնդիրը ՔՊ-ի դղյակները չեն: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականների հարստացման արագությունն ուղիղ համեմատական է Հայաստանի կործանման ու փոքրացման արագությանը։ Ոչինչ, մի քիչ էլ կերեք, քիչ մնաց։
Սևակ Հակոբյան