Ո՞վ է վճռել ԼՂ-ի ճակատագիրը․ Կրեմլում հարցին վերջակետ չի դրվել

Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումը՝ բաց և ուղիղ երկխոսություններով, վերջակե՞տ է դնում տարաձայնություններին, թե՞ նոր տարաձայնությունների սկիզբ է դառնում։ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահն օրակարգային հարցերի լայն շրջանակ են քննարկել, այդ թվում՝ զգայուն։ Դրանցից մեկն առնչվում է ԼՂ ճակատագրին և կայացված որոշումներին։

Այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները դիվանագիտական փոխադարձ մեղադրանքների ճանապարհ են անցել։ Ապրիլին 1-ին, սակայն, Կրեմլում Փաշինյանը Պուտինին հիշեցրեց կոնկրետ հայտարարություններ։

Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայի պատմական որոշումից առաջ եղել են Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ»-ն ու հարցազրույցը «Ռոսիա 24» հռուստաալիքին։ Բոլոր հայտարարությունները  վերաբերել են ԼՂ-ի ճակատագրին։  

Եթե առաջնորդվենք ժամանակագրությամբ, ապա մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպումը և Նիկոլ Փաշինյանի կողմից Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին արդեն հրապարակավ խոսել էր։

2020 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Հայաստանի վարչապետի, երկու հիմնարար հայտարարություն է արել ԼՂ–ի առնչությամբ։ Առաջինը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին է՝ 44-օրյա պատերազմի օրերին․ «Վալդայ» ակումբի ավանդական քննարկման ժամանակ Պուտինն առաջին անգամ ակնարկեց, որ հակամարտությունը պետք է դիտարկել ոչ միայն ինքնորոշման, այլև տարածքային ամբողջականության տեսանկյունից, ինչն ավելի ուշ վերածվեց ուղիղ հայտարարության, թե «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Բայց այդ օրը նա բառացի ասաց՝ իրավիճակը, երբ Ադրբեջանը կորցրել էր իր տարածքի զգալի մասը, չէր կարող հավերժ շարունակվել:

ԵԱՀԿ ՄԽ-ում միջնորդի դեր ունեցող ռուսական կողմի այս հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ նոյեմբերի 17-ին, արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ ՌԴ միջնորդությամբ կնքվել էր եռակողմ համաձայնագիրը, Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում  հստակ նշեց՝ միջազգային իրավունքի տեսանկյունից թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ հարակից շրջանները Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն են։

«Ոչ մեկը, անգամ Հայաստանը չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից, որ Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք համարում էր իրենը,  և ամբողջ միջազգային հանրությունն էր համարում ադրբեջանական տարածք»։

Այս հայտարարությունների մասին Փաշինյանը Պուտինին հիշեցրեց օրերս՝ մոսկովյան վերջին հանդիպման ժամանակ։

«Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք»։

Ռուսաստանի նախագահի հետ զրույցում արված այս հայտարարությունն անընդունելի համարեցին Հայաստանի ընդդիմադիր դաշտում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը զարմանում է․

«Ինչո՞ւ պետք է մեր վերաբերմունքը արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվի ինչ-որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Դա անկախ պետության ղեկավարի խոսո՞ւյթ էրդե լավ, որ դու ասացիր` Արցախն Ադրբեջան է, դե մենք էլ դա ընդունեցինք։ Վաղը որ ասեն` Հայաստանը Միութենական պետություն պետք է մտնի, ի՞նչ, պետք է ասի` դե լավ, որ դուք ասում եք` ուրեմն վերջ, ուրեմն այդպես պետք է լինի։ Եթե ՀՀ-ն՝ դեռ Խորհրդային Հայաստանը այդ տրամաբանությամբ առաջնորդվեր, 88-ից արցախյան շարժումը կկանգներ։ Որովհետև 88-ից էլ Գորբաչովն էր ասում` Սովետական հանրապետությունների սահմանները չպետք է փոխվեն։ Մեր խնդիրն է` մենք պետք է լուծենք, անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը»։

Այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում այս պահին չկա  հստակ քայլերով և դրանց  հերթականությամբ հանրությանը ներկայացված ծրագիր-առաջարկ արցախյան խնդրի, վերադարձի իրավունքի վերաբերյալ։  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․

«Եթե կա որևէ մարդ նույնիսկ ընտրական պրոցեսների ժամանակ, որ կարող է խոստանալ կամ հայտարարել, թե ինքը գիտի դրա հեշտ ճանապարհը կամ կարճ ճանապարհը, նման բան գոյություն չունի։ Դա նշանակում է, որ կա՛մ մարդը խաբում է, կա՛մ այդ մարդը պարզապես պրոցեսներից որևէ բան գլուխ չի հանում։ Բայց մի բան պետք է արձանագրել։ Արցախցիների պայքարը, որը հիմնված է միջազգային իրավունքի հիման վրա, չպետք է որևէ ձևով խոչընդոտվի»։  

Թե՛ Արթուր Խաչատրյանը և թե՛ Տիգրան Աբրահամյանը, պնդում են, որ Փաշինյանը Պրահայում ինքնակամ է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ փակելով Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը և այն թողնելով որպես Ադրբեջանի ներքին գործ:

Մինչդեռ Հայաստանի վարչապետը համոզված է, որ որոշումը ճիշտ էր և դրանով Հայաստանը դուրս բերվեց վտանգավոր շրջապտույտից։

«Ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Դա մի պրոցես է, որ ես միջին վիճակագրական, հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ, ինքնիշխան պետություն։ Մենք պետություն ենք և պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեքայդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, կարող է լինել նեգատիվ։ Եվ ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապերը, սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարևոր մի գործընթաց է»։

Վարչապետը համոզված է, որ այդ որոշումներով Հայաստանը դուրս է բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Մինչև այդ ավելի պատկերավոր ձևակերպում էր օգտագործվում՝ Հայաստանը՝ վզին գցված թոկով, քայլում էր կառափնարանի ճանապարհով։  

Leave a Comment