ԿԳՄՍՆ-ն իրավապահներին է դիմել․ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը՝ ոչ կրթական գործունեության կասկածի տակ

Համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ վերոնշյալը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։ 

«Ուսուցիչների դասընթացների անվան տակ իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ տարվում է քաղաքական  և կրթության քաղաքականությանը խոչընդոտելու թեմաներով աշխատանք։

Վերոնշյալ խմբերի կողմից ընդունվում են նաև պատվերներ՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նման կազմակերպությունները, մասնավորապես՝ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, ուստի խնդրում ենք զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց»,– ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախարարությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ նման անօրինական երևույթները կանխելու նպատակով։

Leave a Comment