Աշխարհը մուտք է գործել նոր և չափազանց վտանգավոր շրջափուլ, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ընթացող պատերազմը վերջնականպես ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք։
«Իրանական կրթական, բժշկական և դեղագործական հաստատությունների վրա հարձակումներն, ընդհանրապես, նոր երևույթներ են, որոնք ցույց են տալիս, որ աշխարհում, որքան էլ դա ցավալի լինի, այժմ գործում են «ջունգլիների օրենքները»»,- ընդգծել է Ոսկանյանը։
Իրանագետը շեշտում է, որ այլ պետության քաղաքական ղեկավարության սպանությունները և դրանով «հպարտանալը» ևս խոսում են այն մասին, որ աշխարհը մուտք է գործել նոր և չափազանց վտանգավոր մի շրջափուլ։
«Եթե որևէ առանձին վերցրած անձ պայթեցնի դպրոց, համալսարան, դեղագործական ինստիտուտ և կամուրջ կամ սպանի որևէ երկրի ղեկավարի, ապա նա, անշուշտ, ահաբեկիչ է, բայց երբ նույն բանն արվում է պետական մակարդակով, ապա նույնիսկ միջազգային ատյաններում չի էլ դատապարտվում»,- գրել է նա։
Ըստ Ոսկանյանի՝ գայլային այս «օրենքները» շատ ավելի խոցելի են դարձնում հատկապես այն երկրները, որոնք ունեն համեմատաբար սահմանափակ պաշտպանական ռեսուրսներ, ուստի, որքան էլ տարօրինակ թվա, աշխարհում է՛լ ավելի շատ պետություններ այլևս սկսելու են մտածել միջուկային զենքի ստեղծմամբ սեփական անվտանգության երաշխավորման մասին։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ էր արել գործարքի գնալ, «քանի դեռ շատ ուշ չէ»: Truth Social-ում նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ ըստ նրա նկարագրի՝ Իրանի ամենամեծ կամուրջի փլուզումն է ամերիկյան-իսրայելական հարվածների հետևանքով:
Այսօր ավելի վաղ Իրանի հարավում ավիահարվածի հետևանքով ոչնչացվել էին մարդասիրական օգնություն պարունակող կոնտեյներներ։
