Հայաստանում ջրային պաշարները նվազում են․ փորձագետները ահազանգում են․ «Էկոսֆերա»

Ինչո՞ւ է Հայաստանում գնալով սրվում խմելու ջրի խնդիրը, այն հատկապես Երևանում արդեն ցայտուն է։ Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում սակավաջրության խնդիրը բազմաշերտ է, ինչը կապված է և՛ խմելու ջրի ու ոռոգման ջրամատակարարող խողովակների մաշվածության, և՛ կլիմայի փոփոխության հետ։

Խոսելով կառավարման խնդրից՝ մասնագետը նշում է, որ ավելի օպտիմալ կառավարման անհրաժեշտություն ունենք։

«Նախևառաջ պետք է կառավարումն իրականացվի համակարգային, որը չի արվում։ Համակարգիչներով, նոր ծրագրերով հետևել, թե ինչպես է հաշվառվում ջուրը։ Բացի դրանից՝ ունենք իրավական դաշտի որոշ խնդիրներ, որոնք պետք է շտկել»։

Սա անհրաժեշտ է, քանի որ կանխատեսումները մտահոգիչ են. մինչև 2100 թվականը կունենանք ջրի 15-20% նվազում։ «Վերջին 40-50 տարվա ընթացքում հանրապետությունում արդեն իսկ 10-12%-ով ջրային պաշարների նվազման միտում է արձանագրվել։ Մենք 1960 թվականից հաշվարկում ենք և արդյունքում տեսել ենք, որ իսկապես քաղցրահամ ջրային պաշարների նվազում եղել է»։

«Ջրային ռեսուրսների խնդիր ունենք, բայց ոչ թե որակի, այլ քանակի»,- մեզ հետ զրույցում ասաց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը։ Նա կլիմայի փոփոխության ազդեցությունից զատ նշեց նաև ոլորտի կառավարման խնդիրը։

Այսուհանդերձ, հիդրոլոգ Բենյամին Զաքարյանն ընդգծեց, որ սակավաջրության խնդիր ունենք Հրազդանի գետավազանում՝ Երևանին հարող հատվածում, ինչպես նաև Արագածոտնի հատվածում (Քարակերտ) և Արմավիրում։ Թեև ամբողջությամբ չորացած գետեր չունենք, բայց ունենք ցամաքած ջրաղբյուրներ։ Զաքարյանը նշում է, որ հանրապետության փոքր ջրաղբյուրների հիմնական մասը չորացել է։ Այս դեպքում պատճառը կլիմայի փոփոխությունն է, քանի որ մարդու ուղղակի ազդեցությունը ջրաղբյուրների վրա շատ փոքր է։

Զաքարյանի հետ զրուցեցինք նաև Արարատյան արտեզյան ավազանի խնդիրներից։ Նա նշեց, որ 2005-ից սկսած Արարատյան դաշտում սկսեց զարգանալ ձկնաբուծությունը։ Տարիներ շարունակ Զաքարյանն իր մասնագիտական տեսակետը հայտնել է՝ ձկնաբուծարաններն առհասարակ չպետք է ստորերկրյա ավազանի ջրով ձուկ աճեցնեն։

Մասնագետը նաև լուծումների մասին աշխատություն ունի։ Այժմ Ջրային կոմիտեի հետ համատեղ խնդիրների լուծման համար ուսումնասիրում են տեխնիկական հնարավորությունները։

Leave a Comment