Թրամփը որոշ դեղամիջոցների ներկրման 100%-անոց մաքսատուրքերի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով 100% մաքսատուրք է սահմանվում այն ընկերությունների որոշ դեղամիջոցների համար, որոնք առաջիկա ամիսներին համաձայնության չեն գա Վաշինգտոնի հետ։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։

Համաձայն փաստաթղթի՝ զրոյական դրույք կկիրառվի այն ընկերությունների համար, որոնք համաձայնություն են ձեռք բերել և ԱՄՆ-ում կհիմնեն դեղամիջոցների ու դրանց բաղադրիչների արտադրամասեր։ Այն ընկերությունների համար, որոնք չունեն նման համաձայնություն, բայց իրականացնում են նմանատիպ նախագծեր ԱՄՆ-ում, կկիրառվի 20%-անոց մաքսատուրք, որը հետագայում կբարձրանա մինչև 100%։

Ինչպես հայտնել է The Washington Post-ը, խոշոր ընկերությունները ունեն 120 օր, իսկ մնացած բոլորը՝ 180 օր՝ Թրամփի վարչակազմի հետ բանակցելու համար մինչև մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնն արդեն համաձայնություններ է ձեռք բերել դեղամիջոցների 17 խոշոր արտադրողների հետ։

Թրամփը սահմանված սակագները հիմնավորել է «ազգային անվտանգության սպառնալիքով», որն առաջացնում է դեղամիջոցների և դրանց բաղադրիչների ներկրումը։ Հրամանագրի ընդունումը համընկնում է այսպես կոչված «Ազատագրման օրվա» առաջին տարելիցի հետ (2025 թ.-ի ապրիլի 2), երբ նախագահը գրեթե ողջ աշխարհի համար ներդրել էր լայնամասշտաբ մաքսատուրքեր։

Մի շարք երկրներ արդեն ձեռք են բերել առևտրային համաձայնություններ ԱՄՆ-ի հետ։ Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Շվեյցարիայի համար կկիրառվի 15%-անոց, իսկ Մեծ Բրիտանիայի համար՝ 10%-անոց սակագին։

Բացի այդ, Թրամփը թարմացրել է պողպատի, ալյումինի և պղնձի ներկրման 50%-անոց մաքսատուրքերի հաշվարկման սխեման։

Leave a Comment