Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին

ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ գլխավոր դատախազի (արդարադատության նախարարի) ժամանակավոր պաշտոնակատարը Փեմ Բոնդիի տեղակալ Թոդ Բլանշն է։

«Փեմ Բոնդին Ամերիկայի մեծ հայրենասեր է եւ հավատարիմ ընկեր, որը վերջին մեկ տարվա ընթացքում հավատարմորեն ծառայել է որպես գլխավոր դատախազ։ Փեմը հիանալի աշխատանք է կատարել՝ ղեկավարելով հզոր հարվածը հանցավորության դեմ ամբողջ երկրում, ինչի արդյունքում սպանությունների մակարդակը նվազել է մինչեւ ամենացածր ցուցանիշը 1900 թվականից ի վեր»,- գրել է Թրամփը։

AFP գործակալությունը հայտնում է, որ Թրամփի կողմնակիցները դժգոհ էին, թե ինչպես է արդարադատության նախարարությունը Փեմ Բոնդիի ղեկավարությամբ գործել Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերի հրապարակման ժամանակ։

Գործակալությունը պնդում է, որ այդ գործը եւ դրա նյութերը շարունակում են մնալ քաղաքական խնդիր Թրամփի համար, որը երկար ժամանակ ընկերություն է արել Էփշտեյնի հետ։

Բացի այդ, Վաշինգտոնում աշխատող լրագրողների կարծքով, Թրամփի թիմի անդամների կարծիքով Բոնդին բավարար քայլեր չի արել Թրամփի ընդդիմախոսների քրեական հետապնդման հարցում։

The New York Times-ը նախօրեին  գրել էր, որ Թրամփը վաղուց էր մտածում Բոնդիին պաշտոնանկ անելու մասին։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփը կարող է արդարադատության նոր նախարար նշանակել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար Լի Զելդինին։

Leave a Comment