ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանը կարող է էներգիայի պակասուրդի առաջ կանգնել, եթե մինչեւ տարեվերջ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշում չկայացվի: Այս մասին հաղորդում է մասնավորապես «Ցարգրադ» ռուսական հեռուստաալիքը: Վերջինիս տեղեկացմամբ, դեկտեմբերի վերջին «Ռոսատոմ» ռուսական պետական միավորումը Հայաստանին ներկայացրել է հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ մանրամասն մշակված առաջարկների շարք: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ներկայացնել երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ամենաբարենպաստ առաջարկներ»,- «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրուցում հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
ՏԱՍՍ լրատուն էլ հիշեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի փետրվարի 3-ի հայտարարությունը՝ Մեծամորի գործող կայանին փոխարինելիք ապագա ատոմակայանի մոդուլային տարբերակի (հիշենք՝ ԱՄՆ-ի հետ) Հայաստանի որոշման մասին: Միաժամանակ նշվում է, թե ՀՀ կառավարությունը 65 միլիոն դոլար է հատկացրել ներկա ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու ծրագրի համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչեւ 2046 թվականը:
Ռուսաստանի փոխվարչապետը, անդրադառնալով նաեւ Հայաստանի արտաքին-տնտեսական հարաբերություններին, իր գնահատականն է հայտնել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրվածության վերաբերյալ: ՏԱՍՍ լրատվականի հետ զրույցում նա հայտարարել է, թե ԱՄՆ-ին հարկավոր է միջանցք Հայաստանի միջով՝ Կենտրոնական Ասիայից կրիտիկական հանքանյութեր արտահանելու, ինչպես նաեւ Իրանը վերահսկելու համար:
«Վաշինգտոնի համար «Թրամփի երթուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովելու է կարեւորագույն հանքանյութերի արտահանումը Կենտրոնական Ասիայից ԱՄՆ, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը»,- ընդգծել է Օվերչուկը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ