Պակիստանը պատրաստ է հյուրընկալել և միջնորդել Միացյալ Նահանգների և Իրանի միջև Մերձավոր Արևելքի ճգնաժամը լուծելու համար բանակցություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։
«Մեզ համար պատիվ կլինի հյուրընկալել և նպաստել երկու կողմերի միջև առաջիկա օրերին բովանդակալից բանակցություններին՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև լուծման համար», – ասել է դիվանագետը։
Անդրաբին ընդգծել է, որ Չինաստանի և Պակիստանի կողմից Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար նախկինում առաջարկված հինգ կետանոց նախաձեռնությունը աջակցություն է ստացել տարածաշրջանում և դրանից դուրս։ Այս նախաձեռնությունը պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում կայուն կարգավորման ճանապարհ հարթելու փորձ է։
Մարտի 31-ին Չինաստանը և Պակիստանը հրապարակեցին համատեղ հինգ կետանոց նախաձեռնություն՝ Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։ Դրանք նախատեսում են երկխոսությունն ու դիվանագիտությունը որպես տարածաշրջանում հակամարտությունը լուծելու միակ միջոց, Իրանի և Պարսից ծոցի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, ինչպես նաև խաղաղ բանակցությունների ընթացքում ուժի կիրառումից հրաժարվելը։
Պեկինը և Իսլամաբադը կոչ են արել ապահովել քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը՝ լիովին դադարեցնելով քաղաքացիական բնակչության, էներգետիկ ենթակառուցվածքների, աղազրկման կայանների և քաղաքացիական միջուկային օբյեկտների վրա հարձակումները։