«Պատիվ ունեմ»-ն առաջարկում է պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հավաքվել են ԱԺ նիստերի դահլիճում, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով, մասնագիտական իրավական գնահատական տալու «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ԱԺ  հայտարարության նախագծին։ Դրանով պատգամավորները նախ մտահոգություն են հայտնում պետություն-եկեղեցի սահմանների, միմյանց գործերին միջամտել-չմիջամտելու առնչությամբ․

«Այն արձանագրում է, որ վերջին շրջանում ի հայտ են եկել բազմաթիվ երևույթներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում պետության և ազգային եկեղեցու հարաբերությունների սահմանների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է այնպիսի գործողությունների և որոշումների, որոնց արդյունքում պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները և իրավապահ համակարգը ներթափանցում է եկեղեցու ներքին կառավարման դաշտ»։

Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրությունը հստակորեն առանձնացնում է եկեղեցին աշխարհիկ պետությունից և տալիս ինքնուրույն կանոնակարգվելու իրավունք․

«Այս հայտարարության հիմնական թեզը հետևյալն է՝ Սահմանադրությունը սահմանազատել է պետության և եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է՝ անկախ նրանից, թե ով է պետության կամ եկեղեցու ղեկին»։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի կարծիքով՝ դատարանները ևս խախտում են Սահմանադրության այն հոդվածը, որով եկեղեցին սահմանվում է որպես պետությունից անկախ կառույց․

«Սահմանադրության 17-րդ հոդվածով սահմանվում է եկեղեցու անջատումը պետությունից, որն էլ պարտավորեցնում է պետությանը չմիջամտել եկեղեցու ներքին գործերին։ Նույն դիրքորոշումն ունի նաև միջազգային իրավունքը․ ՄԱԿ-ի փաստաթղթերը ամրագրում են, որ կրոնական համայնքի իրավունքը պետք է լինի ազատ, ինքնուրույն որոշի իր ղեկավարներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ կրոնական համայնքների ինքնավարությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անբաժանելի մասն է»։

Հայտարարության նախագիծը միայն մտահոգությունների մասին չէ՝ ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Այն որոշ գործնական լուծումներ է առաջարկում կողմերին։ Առաջինը՝ իրավական թափանցիկություն, ինչը նշանակում է, որ իրավապահ և քննչական մարմինները պետք է ունենան հստակ հրապարակային չափանիշներ, թե ինչպես են իրենց գործողություններում հաշվի առնում խղճի և կրոնի ազատությունը, մանրամասնում է Աբրահամյանը․

«2-րդ-ը՝ միջազգային իրավական խորհրդատվության հանգամանքն է։ Նախագիծն առաջարկում է դիմել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի ստանանք հեղինակավոր մասնագիտական կարծիք, թե ի՞նչ սահմաններ ունի պետական միջամտությունը կրոնական կազմակերպության ներքին կառավարման հարցերում և ի՞նչ չափանիշներով պետք է առաջնորդեն դատարաններն ու այլ մարմինները նման վեճերում։ 3-րդ-ը՝ արդարադատության ապաքաղաքականացումն է։ Սա նշանակում է, որ բարձր հնչեղություն ունեցող գործերով պետք է առավել խիստ պահպանվեն դատական անկախության, անաչառության և արդար դատաքննության չափանիշները։ Հանրությունը պետք է վստահ լինի, որ որևէ վարույթ չի օգտագործում որպես ճնշման միջոց, որպես պատժելու ձև կամ որպես ազդակ փոխելու մի կառույցի ներքին կյանքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ խոսել է եկեղեցու քաղաքականացման, ներքին խռովություններ հրահրելու, առանձին հոգևորականների դեպքում այլ պետությունների շահերը սպասարկելու մասին․ 

«Թույլ չենք տա, որ որոշ արտաքին ուժեր սրբությունները պղծողների անձնական և այլ կյանքի մասին ունեցած ինֆորմացիայի օգտագործմամբ նրանց փորձեն օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ և փորձ անեն պետության մեջ պետություն ստեղծել։ Այս հատվածով, առավել ևս, անհրաժեշտության դեպքում, իհարկե, մեր գործողությունները կլինեն շատ կտրուկ, բայց օրինական»։

Որևէ մեկը չի կարող պաշտպանել եկեղեցին, որովհետև եկեղեցու դեմ որևէ արշավ կամ գործողություն ծրագրված չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վստահեցրել՝ ոչ թե ընդդեմ, այլ հանուն եկեղեցու են իր հայտարարություններն ու գործողությունները․

«Հակառակ դեպքում, եթե Հայ Առաքելական եկեղեցին մեզ համար սրբություն չլիներ, մենք ուղղակի կարող էինք բացարձակ անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցում։ Առավել ևս այն պայմաններում, երբ եկեղեցու այդ գործելակերպն ուղիղ վնաս է հասցնում հենց եկեղեցուն։ Նկատի ունեմ, որ եթե Հայ Առաքելական Եկեղեցին ինձ համար սրբություն չլիներ, կարելի էր ուղղակի որևէ ուշադրություն չդարձնել էդ երևույթների վրա»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ լսումներին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին։ Նրանք միայն նամակ են ուղարկել խորհրդարան․

«Ցավում ենք, որ Ավագ հինգշաբթի օրվա ծիսական արարողությունների պատճառով հնարավոր չպիտի լինի եկեղեցականի մասնակցությունը հրավիրված լսումներին, առ Աստված աղոթքով մաղթում ենք ձեզ քաջառողջություն, գործող հաջողություններ և ամենայն բարիք»։

Ավագ հինգշաբթին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի և առաքյալների վերջին ընթրիքը, որի ժամանակ Քրիստոս, հացն ու գինին օրհնելով, հաստատել է հաղորդության խորհուրդը։ Նաև լվացել աշակերտների ոտքերը՝ որպես սիրո և խոնարհության օրինակ և պատվիրել նույնն անել միմյանց հանդեպ։

Leave a Comment