Օրերս Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Սիմֆոնիկ ֆոլկ» համերգը։ Նախաձեռնությունը լիբանանահայ երաժշտական պրոդյուսեր Սէրուժ Պաղտասարեանինն է։ Նա մշակել է հայկական ավանդական երգ-պարերը նոր մոտեցմամբ։ Դրանք գործիքավորել է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը։ Եվ ծնվել է յուրահատուկ հնչողությամբ համերգ, որը միաձուլում է հայոց հազարամյա ավանդական երաժշտությունը դասականին։
Մարզահամերգային համալիրի բեմից հնչում է հայկական ձայնային էպոսը։ Դահլիճում նստած մարդ գրեթե չկա, բոլորը ձեռք ձեռքի, ուս ուսի պարում են հայոց մշակույթի ԴՆԹ-ն դարձած քոչարին։
Այս երեկոն ծնվել է կարոտից։ Երիտասարդ ստեղծագործող Սերուժ Բաղդասարյանը, որ ծնվել ու մեծացել է Լիբանանի մայրաքաղաքում՝ Բեյութում, 15 տարի առաջ մշակել ու նոր հնչողություն է տվել Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությանը, հետո հասկացել, որ հայկական ավանդական երաժշտությունը նորովի հնչեցնելու հերթը իրենն է: