ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր 5 մարզիկներն արժանացել են մեդալների

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ներկայացուցիչները ՌԴ Սոչի քաղաքում անցկացված հաշմանդամային սպորտի «Իմպուլս» միջազգային փառատոնում նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նշվում է, որ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված բոլոր 5 մարզիկներն արժանացել են մեդալների։
Նրանք հանդես են եկել պարածանրամարտ, պարաբազկամարտ և պարա սեղանի թենիս մարզաձևերում՝ գրանցելով տպավորիչ արդյունքներ։
Ոսկե մեդալի են արժանացել պարածանրամարտում հանդես եկած Արթուր Բաբայանն ու Ռաֆայել Համազասպյանը, պարաբազկամարտում՝ Արամ Մարտիրոսյանը, իսկ պարա սեղանի թենիսում Գևորգ Բեգլարյանը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սարգիս Մխիթարյանը, հանդես գալով պարաբազկամարտ մարզաձևում՝ զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով։