Իտալացի անվանի մասնագետ, Մադրիդի «Ռեալի» և իտալական մի շարք հեղինակավոր ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգրի համար պայքարում Իտալիայի հավաքականի անհաջողությանը։
Հիշեցնենք, որ որակավորման փուլի A ուղու անցումային խաղերի եզրափակչում իտալացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջել էին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։
«Այստեղ ոչ ոք չի պատրաստվում հրաժարական տալ, և հենց դա է ամենաշատն անհանգստացնում։ Առաջինը, ով պետք է ստանձնի այս ձախողման պատասխանատվությունը, ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև ողջ ղեկավար կազմը։ Խոսքը ոչ միայն գրանցված արդյունքների, այլև երկրի ֆուտբոլային համակարգի մասին է։ Իտալիան վերաիմաստավորման կարիք ունի։ Մենք պետք է համախմբենք լավագույն փորձագետներին, վերլուծենք ստեղծված իրավիճակը և վերակառուցումը սկսենք զրոյից։ Այս հարվածից ուշքի գալը չափազանց բարդ է լինելու, բայց ես հավատում եմ, որ այն կարող է իսկական վերածննդի հիմք դառնալ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ սա արդեն երրորդ անընդմեջ աշխարհի առաջնությունն է, որն անցնելու է առանց Իտալիայի ընտրանու։