Գերմանացի քանդակագործ Ժակ Տիլին Մոսկվայի դատարանի որոշմամբ հեռակա դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնոմ է Deutsche Welle-ն:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ռուսաստանի բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու և «հավատացյալների զգացմունքները վիրավորելու» հոդվածներով։ Դատավարության ընթացքում նաև հնչել են մեղադրանքներ Ռուսաստանի նախագահի հասցեին վիրավորական արտահայտությունների վերաբերյալ։
Տիլլին չի մասնակցել դատական նիստին։ Պետության կողմից նշանակված պաշտպանական կողմը պահանջել է նրա ամբողջական արդարացում՝ ապացույցների բացակայության հիմքով։ Փաստաբանը նշել է, որ փորձել է կապ հաստատել իր պաշտպանյալի հետ Գերմանիայի դեսպանության միջոցով, սակայն ապարդյուն, և նրա դիրքորոշումը դատարանում չի ներկայացվել։
Քանդակագործին Գերմանիայից արտահանձնում չի սպառնում, սակայն նա կարող է խնդիրների բախվել այն երկրներ այցելելիս, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ որոնվող անձանց արտահանձնման հարցում։
Իր հերթին Տիլլին ավելի վաղ Deutsche Welle-ին տված հարցազրույցում դատավարությունը բնութագրել է որպես «ֆարս» և «իմիտացիա»՝ նշելով, որ «Պուտինի ռեժիմը իրեն ծաղրի առարկա է դարձնում»։
Ժակ Տիլլին գերմանացի հայտնի սատիրիկ քանդակագործ է, ով լայն ճանաչում է ստացել քաղաքական թեմաներով իր սուր և հաճախ պրովոկացիոն աշխատանքներով, հատկապես՝ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ստեղծած քանդակներով, որոնք ցուցադրվել են եվրոպական տարբեր քաղաքներում։